Դ. Հարությունյան. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պահպանելու է իր անունը
«Վերահաստատում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չի վերածվել զորամասի: Այժմ աշխատանքներ ենք տանում այն ուղղությամբ, թե ինչպիսին է լինելու համալիրի ճակատագիրը»,- ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե արդյո՞ք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանվանվել է և ինչպես նշվում է մամուլում՝ Ծիծեռնակաբերդի զորամաս է այժմ կոչվում, ու, առհասարակ, ի՞նչ ճակատագիր է սպասվում համալիրին:
Դ. Հարությունյանն ասաց, որ 1999 թ. նախագահի հրամանագրով այն վերանվանվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:
«Ցանկացած կազմակերպություն, որն իր տիրապետման ներքո կունենա, կամ իր սեփականությանը կհանձնվի համալիրը, լինի մասնավոր, թե պետական, մեր պահանջը լինելու է հետևյալը՝ իր ֆիրմային անվանումը պետք է պարունակի հենց այդ բառերը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,- նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ համալիրը ՀՀ-ի սեփականությունն է. «Մենք չենք պատրաստվում երկար պահել այն որպես Հայաստանի սեփականություն: Ունենք լուծման երկու ուղի՝ գտնել կառավարիչ կամ ստեղծել պետական ոչ առևտրային կազմակերպություն ու հանձնել այդ կազմակերպությանը: Երկու դեպքում էլ այն պահպանելու է իր անունը»:
Նախորդող հրապարակում՝
Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի աճուրդի, ՊՆ-ին հանձնելու մասին