Գեղամավանում հույս ունեն, որ ջրանցքի պատճառով դժբախտություններ այլևս չեն լինի
«Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքի անվտանգության գոտու բացակայության պատճառով ջրահեղձման վերջին դեպքը տեղի ունեցավ այս տարի, խեղդված դպրոցականը տան միակ երեխան էր:
Շահագործումից ի վեր, ավելի քան վեց տասնամյակ, «Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքը կապիտալ նորոգման չէր ենթարկվել, այդ տարիների ընթացքում անվտանգության գոտու բացակայության պատճառով մի քանի տասնյակ մարդիկ ու ընտանի կենդանիներ են ջրահեղձ եղել:
Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մոտ մեկ ամիս է, ինչ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղով անցնող «Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքում:
Շինարական աշխատանքների պատվիրատու «Միջազգային էներգետիկ» կորպորացիայի գլխավոր ինժեներ Հովհաննես Սարգսյանի խոսքով, այս տարվա ընթացքում նախատեսված է հիմնանորոգել ջրանցքի 1116 գծամետր երկարության հատվածը Գեղամավան գյուղի տարածքում: Հիմնանորոգման աշխատանքների վրա ներդրել է 660 միլիոն դրամ:
Հիմնանորոգման աշխատանքներրն իրականացնում են «Արփա-Սևան» ԲԲԸ շինարարները: Երկաթբետոնով են պատվում ջրանցքի հատակը և պատնեշներն ամբողջությամբ:
Աշխատանքների մեկնարկից մինչ օրս` անցած 26 օրերի ընթացքում արդեն հիմնանորոգվել է 330 գծամետր երկարություն, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5 հազար քառակուսի մետր: Կառույցում այժմ աշխատում են մոտ 90 բանվոր, 12 միավոր տեխնիկա: Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջերին:
«Ջրանցքի հիմնանորոգումը և անվտանգության գոտու կառուցումը Գեղամավանի համար ունեն անգնահատելի նշանակություն: Վերջին ողբերգությունը կատարվեց այս տարի, երբ ջրահեղձ եղավ դպրոցահասակ, տան մինուճար մի տղա: Հուսանք, որ նման դժբախտություններն այլևս մեզ կշրջանցեն»,-ասել է Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:
Ջրանցքի երկու կողմերում տեղադրվող երկաթյա ցանկապատի երկարությունը կազմելու է 1200 մետր` յուրաքանչյուր ափում 600 մետր: Գեղամավանով հոսող ջրանցքի ափերի մնացած հատվածները վերջին տարիների ընթացքում ցանկապատվել են «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության միջոցներով: