«Հայ Ֆեստ»-ը կկրի «Փառատոնային իրարանցում» խորագիրը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 12-րդ «Հայ Ֆեստ»-ը կրում է «Փառատոնային իրարանցում» խորագիրը:
«Հայ Ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը:
Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավտների հետ»:
Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ Ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմս Ֆեստ» ուսանողական ծրագրում:
Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Լիվինգ փիքչըրս» թատրոնը հիմնադրվել է 2003 թ-ին՝ նպատակ ունենալով ստեղծել վիզուալ և բազմաժանր թատերական ներկայացումներ, կենդանի ցուցահանդեսներ և նմանատիպ այլ ծրագրեր:
Այս ներկայացման մեջ հանդիսատեսը կարող է ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից. մեզ կարող են հիացնել տեղագրական փոխակերպումները և մակերևույթի վերացական մարմինների շարժումները:
Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը` հրավիրատոմսերով:
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):