Ալի Շամխանի. Իրանը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Սիրիային
«Իրանը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Սիրիային»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ունեցած հանդիպման ժամանակ, ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին հովանավորելու անհրաժեշտությունը, նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գծում գտնվող բարեկամ երկրին՝ Սիրիային, բազմակողմանի հովանավորումն Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է, որն ամենայն լրջությամբ շարունակվելու է»:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն, անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ Արևմուտքի նախաձեռնած գործողություններին, մասնավորապես նշել է. «''Իսլամական պետության'' դեմ այսպես կոչված դաշինքի ձևավորումն Արևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակինցերի քարոզչական քայլ է, որը բացահայտորեն հակադրվում է ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու նախկինում կատարած իրենց քայլերին. անհերքելի փաստեր կան, որոնք ապացուցում են վերջին երեք տարիների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Սիրիայի կառավարությունների սկզբունքային քաղաքականության ճշմարտացիությունը»:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլ իր հերթին բարձր գնահատելով իր երկրին Իրանի կառավարության ու ժողովրդի ցուցաբերած աջակցությունը, շեշտել է , որ երկու երկրի միջև բարեկամական կապերն անքակտելի են:
«Տարածաշրջանային որոշ երկրների կողմից հովանավորվող ծայրահեղական գաղափարների դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան պայքարն այն ահաբեկիչների դեմ, որոնք ավերում են ժողովուրդների քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը»,-հավելել է Սիրիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս Նյու Յորքում միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Ահաբեկչության դեմ ձևական պայքարը չի կարող հանգեցնել կայունության ու անվտանգության հաստատմանը: Ահաբեկչությունն ունի տարբեր աղբյուրներ, հետևաբար՝ եթե ցանկանում ենք դրա դեմ պայքարել, պիտի խզենք այդ աղբյուրների հետ կապերը: Լավ ու վատ ահաբեկչություն գոյություն չունի, բոլորն էլ վատն են. Չպետք է այդ խմբերից մեկին ռազմական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, իսկ մյուսին՝ ռմբակոծել: Ահաբեկչությունը միայն Մերձավոր Արևելքով չի սահմանափակվի, և այսօր ոչ միայն եվրոպական երկրների դարպասի հետևում, այլ հենց այդ երկրների կենտրոնում այն գործուն ներկայություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում