Փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը:
Քննարկվել են հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առաջարկվել է ծրագրի ինստիտուցիոնալ և գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես քննարկվել է ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝ նոր ձևավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը: Փոխվարչապետը նշել է, որ նոր հիմնադրամի հիմնական նպատակը տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, և նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է:
Հյուրերը դրական և հետաքրքիր են համարել Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաև այլ երկրներում:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: