Հայաստանում թմրամոլների քանակն ավելացել է
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված հանցագործությունների 883 դեպք: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 977: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվային տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Նա նշեց, որ այս տարի իրենց առջև խնդիր էին դրել առավել ուշադրություն դարձնել կանխարգելման աշխատանքներին, ուժեղացնել պայքարը, ու ամենակարևորը՝ կանխել թմրամիջոցների ներմուծումը ՀՀ տարածք:
Տվյալների համաձայն, չնայած թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված հանցագործությունների դեպքերը նվազել են, բայց առգրավված թմրամիջոցների քանակն ավելացել է: Ավելացել է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածով հարուցված գործերի քանակը՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրումը Հայաստան. նախորդ տարվա ընթացքում գրանցվել է 8 դեպք, այս տարի՝ արդեն 21 դեպք:
Թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, նախորդ տարի՝ 243 անձ: Ապօրինի շրջանառությունից հայտաբերվել ու առգրավվել է 882 կգ 84 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 40 գրամ հոգեմետ նյութ, 2,5 լիտր պրեկուրսորներ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ են արվում առգրավված թմրամիջոցները, Վ. Բադասյանն ասաց, որ դրանք դատավարական գործընթացի ավարտից հետո ոչնչացվում են: Նա հայտնեց նաև, որ առգրավված թմրամիջոցների ոչնչացման կարգի վերաբերյալ օրենքի նախագիծ են մշակել, ներկայացրել են հաստատման, որպեսզի հատուկ լիցենզավորված կազմակերպությունները ոչնչացնեն:
Ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյան ասաց, որ արձանագրվում են անընդհատ դեպքերի հաճախականություն, երբ «Subutex» կոչվող գործարանային արտադրված սինթետիկ թմրամիջոցը մասնավորապես Ֆրանսիայից, մի փոքր մաս էլ Գերմանիայից, փոստային առաքումների միջոցով՝ ծանրոցների տեսքով, գալիս են Հայաստան: Այս տարվա ընթացքում իրավապահների կողմից առգրավվել է 3600 հատ «Subutex» տեսակի դեղահաբ: Նրա ներկայացմամբ, այդ քանակը բավական է, որպեսզի առվազն 14 հազար 400 մարդ օգտագործի:
Վ. Բադասյանն ասաց, որ հայտնաբերել են դեպքեր, երբ ինտերնետով նոր սինթետիկ թմրամիջոցների բաղադրատոմսեր են փոխանակվել: Չինաստանում, նրա ներկայացմամբ, ապօրինի արտադրվում է նոր սինթետիկ տեսակի դիզայներական թմրամիցոջներ՝ տարածված անունն է սփայս: Այն շատ շուտ առաջացնում է կախվածություն, թողնում է անդառնալի հետևանքներ:
Նա հայտնեց, որ իրենք հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ այդ թմրամիջոցի տարածման և օգտագործման ուղղությամբ իրականացնել քրեական հետապնդում:
Բանախոսի խոսքով, այսօր առավել վտանգավոր թմրամիջոցը, որը նաև մատչելի է, «դեզոմորֆինն» է, որի առաջին օգտագործումից հետո մարդու կյանքի տևողությունը 1-1,5 տարի է, սակայն այդ ընթացքն էլ տառապալից է լինում, քանի որ այն առաջացնում է փտախտ:
Ներկայացված տվյալների համաձայն, այսօր Հայաստանում հաշվառված է 5271 թմրամոլ, որից 78 կին է, 3-ը դեռահաս: Նախորդ տարի հաշվառված թմրամոլների թիվն ավելի քիչ է եղել՝ 5022:
Վ. Բադասյանը տեղեկացրեց, որ իրենք թմրամոլության և թմրամիջոցերի ապօրինի շրջանառության ուղղությամբ ձեռնարկում են դաստաիարակչական քայլեր, իրականացնում են նաև այս ուղղությամբ այլ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում