ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին
ԵԽԽՎ-ում «Ադրբեջնում աննախադեպ ճնշումների» թեմայով քննարկման ժամանակ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան ասաց, որ այն բոլոր իրավապաշտպանները, ովքեր համագործակցել են Եվրոպայի խորհրդի հետ՝ Ռասուլ Ջաֆարով, Ինթիգամ Ալիև, Լեյլա Յունուսը, այսօր բանտարկված են։
«Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտների համար այս ճնշումները մարտահրավեր էին և նրանք, բացառությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ձախողվեցին այդ մարտահրավերը լուծելու մեջ։ Եվ մենք պետք է հասկանանք ինչո՞ւ»,-ասաց իռլանդացի պատգամավորը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, պատգամավորը բացահայտ հայտարարել է, որ ադրբեջանական լոբբիստներն իրեն առաջարկություն են արել՝ Ադրբեջանի օգտին աշխատելու համար։ Պատգամավորը համոզված է, որ ինքը մեկն է բազմաթիվ պատգամավորներից, որոնց արվում է այդ առաջարկը՝ հավելելով, որ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ կապված է փողի, նավթային գումարների հետ։
ՄայքլՄաքՆամարան առաջարկում է բացահայտել կաշառակեր պատգամավորներին, տեղեկացնել այս մասին նրանց, ընտրողներին, որպեսզի ընտրողները հասկանան, թե ինչպիսի քվեարկություններ են կատարում իրենց ընտրած պատգամավորները ԵԽԽՎ-ում։
Պատգամավորը վերջում մաղթել է, որ նրանք, ովքեր այսօր ԵԽ-ում են, Ադրբեջան վերադառնալուց հետո մնան ազատության մեջ։
Նիդերլանդների պատգամավոր Պիտեր Օմցիգը ևս նշել է, որ իրենք վստահ են, որ բազմաթիվ պատգամավորների Ադրբեջանի կողմից առաջարկվել է ճամփորդություններ կամ այլ պարգևներ և կոչ արել բոլոր նրանց, ովքեր ունեն որևէ փաստեր պատգամավորների կողմից այդ պարգևների ընդունման մասին, ուղարկել իրենց՝ այդ գործերին ընթացք տալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան