Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյան փառատոնի շրջանակներում
Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել համերգ՝ նվիրված անվանի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 90-ամյակին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ հանդես են եկել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները՝ Լուկա Մագարիելո (թավջութակ/Իտալիա), Լիա Յակուպովա (ջութակ, Ռուսաստան/Գերմանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր, Հայաստան/Գերմանիա), Ցաո Պենգ (դաշնամուր/Չինաստան)։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապեր բաժինը:
Համերգին ներկա են եղել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Համերգի բացման խոսքում Գևորգ Վարդանյանի մասին իր հուշերը պատմել է Լոնդոնում բնակվող գրող Ասատուր Գյոզալյանը։ Նա ընդգծել է լեգենդար հետախույզի հայրենասիրությունը, ում համար հայրենիքը սուրբ էր, ով հայրենիքին ծառայելու համար զոհեց ամեն ինչ։
Գոհար Վարդանյանը հուզմունքով նկատել է, որ հպարտանում է, որ Գևորգ Վարդանյանի հիշատակն այսպես փայփայում են Հայաստանում։
«Գևորգ Վարդանյանը շատ էր սիրում երիտասարդությանը և միշտ ասում էր՝ նրանք ունեն ամեն հնարավորը, որպեսզի հասնեն ավելիին։ Եվ նրանք ավելին կանեն, քան մենք՝ մեր երկրի համար։ Նրա համար հայրենիքն առաջին տեղում էր։ Երբ ես գալիս եմ Հայաստան, զգում եմ նրա նկատմամբ մեծ ակնածանքն ու սերը»,- նշել է տիկին Վարդանյանը։
Նա բարձր է գնահատել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացումը, հատկապես այն, որ համերգները նվիրվում են հայ ժողովրդի անվանի զավակների հիշատակին, ինչի մեջ մեծ խորհուրդ է տեսնում։ Խոսելով Արամ Խաչատրյանի մասին՝ տիկին Վարդանյանը նշել է, որ ջերմ հարաբերություններ են ունեցել մաեստրոյի հետ. «Նա շատ էր գալիս մեզ մոտ և շատ էր սիրում իմ պատրաստած ճաշերը։ Այսօր էլ կապեր եմ պահպանում Արամ Խաչատրյանի որդու հետ»։
Ջութակահար Կարեն Շահգալդյանը նշել է է, որ Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի մշակութային ներուժի ամենավառ ներկայացուցիչներից է, և երախտապարտ է բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք միջազգային նման հզոր փառատոնի գաղափարը կյանքի են կոչում։
«Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են գալիս ամենահեղինակավոր երաժիշտներ և վերադառնալով՝ փառատոնի շնորհիվ մեր երկրից իրենց հետ տանում են փոքրիկ մի մասունք Արամ Խաչատրյանից ու մեր հայրենիքից»,- նկատել է երիտասարդ ջութակահարը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Լիա Յակուպովան մրցույթին մասնակցել է 2010 թվականին։ Նա ընդգծել է, որ մրցույթը շատ հայտնի է Մոսկվայում, ուստի ժամանակին որոշել էր մասնակցել։ Մրցույթից հետո բազում բեմերում նվագել է հայ կոմպոզիտորի ստեղծագործույթունները։ Իր գործընկերներին խորհուրդ է տվել մասնակցել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, քանի որ այստեղ դրակական էմոցիաներ և մեծ փորձառություն ես ձեռք բերում։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ փառատոնի համերգները հեռարձակվում են առցանց տիրույթում՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան