Ի՞նչ խնդիրներ ունեն ուսուցիչները
«Ուսուցիչների համար ամենաառաջին խնդիրը գնահատված լինելն է: Մեր երկրում ուսուցիչը ըստ արժանվույն չի գնահատվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը` հատուկ շեշտելով, որ խոսում է իսկապես ուսուցիչների մասին և ոչ թե այն մարդկանց, ովքեր «խնամի-ծանոթ-բարեկամ» մեխանիզմով են խցկվել ու իրենց ներկայությամբ փչացնում են դպրոցն ու կրթությունը:
Ա.Բախշյանի կարծիքով, ուսուցիչը պետք է գնահատվի նախ վերաբերմունքով, իսկ դրա թիվ մեկ ցուցանիշը աշխատավարձն է: Ուսուցիչը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, պետք է դպրոցում բեռնվի` առավոտ մտնի դպրոց ու ժամը 4-5-ին հոգնած, բայց բավարարված պետք է դուրս գա դպրոցից: Բայց քանի որ մեր երկրում ուսուցիչների թիվը մոտ երկու անգամ ավելի մեծ է, քան ՀՀ ուսումնական հաստատություններում առկա դրույքաչափերի թիվը, հետևաբար, նշեց Ա.Բախշյանը, մեր ուսուցիչներից շատերը շատ քիչ ժամեր են ունենում, իրենք իրենցից դժգոհ են մնում:
«Սա շատ կարևոր խնդիր է, որի լուծումը պետք է գտնվի ուսուցչի որակավորման ճիշտ, օբյեկտիվ, արդարացի մեխանիզմ ներդնելով, այսինքն` ուսուցչին պետք է արդարացի որակավորման արդյունքում ընձեռվի աշխատելու իրավունքը: Իսկ մեր «Հանրակրթության մասին» օրենքում դա այնքան այլակերպեցինք, որ ի վերջո ով դպրոցում շահ ունի` հինգ ժամ է, երեք ժամ է, թե տասը ժամ է կարևոր չի, ինքը գնում է ատեստավորվում է, պետությունը փող է ծախսում նախ այդ 44 հազար ուսուցչի ատեստացիոն վերապատրաստման համար և բոլորը արժանանում են նույն գնահատականի, ինչը սխալ է: Իսկ սա մեր կրթության որակի անկման հիմքն է, քանի որ ուսուցիչը պետք է ատեստավորվի արդարացիորեն»,- ասաց նախկին պատգամավորը` նկատելով, որ այն, որ կրթության որակի անկում ունենք երկրում միայն իր համար չէ, որ նկատելի է:
Մեր հեռախոսազրույցի ժամանակ տիկին Բախշյանը Նոյեմբերյանում էր, մասնակցում էր քոլեջի ուսուցիչների վերապատրաստմանը` ներառական կրթության բովանդակությունը պարզաբանելու նպատակով: Ասաց, որ ուղղակի հիացած է Տավուշի ուսուցիչներով, որոնք պատասխանատու են, գիտեն ինչ են անում, բաց են ու սովորող.
«Բայց նրանք էլ այնպիսի խնդիր են բարձրաձայնում, որ ես ուղղակի ամաչում եմ լսել: Մենք իրենց քարոզում ենք, որ ոչ թե երեխան պիտի հարմարվի դպրոցին, այլ դպրոցը հարմարվի յուրաքանչյուր երեխային: Իրենք բերում են շատ-շատ խնդիրներ, որ պետության անմիջական հոգածության տակ պետք է լինեն և այդ խնդիրները պետք է լսի լիազոր պետական մարմինը, կառավարությունը և պետական բյուջեի արդյունավետ ծախս նախատեսվի: Սա է անչափ կարևոր»,- հավելեց նա:
Հարակից հրապարակում`
ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները