Կալանավորը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել առողջական խնդիրների պատճառով. Փաստաբան
Կալանավոր Սուրեն Գաբրիելյանի՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմելու պատճառը, ոչ թե դատաքննությունից խուսափելն է, այլ առողջական խնդիրներ ունենալը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
«Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցերոզ հիվանդությամբ, իսկ գլխավոր դատախազությունն ուշադրություն չի դարձրել այդ խնդրի վրա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կառավարության կողմից հաստատված է հիվանդությունների շարք, որոնց առկայության դեպքում կալանավորի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Սուրեն Գաբրիելյանի փախուստի փաստի առթիվ կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Նա, ըստ Հ. Ճարոյանի, կալանավորվել է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին, մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, խարդախության և փողերի լվացման մեջ, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: Գործը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Պաշտպանի խոսքով, Ս. Գաբրիելյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, ինչի համար ինքը դիմել է գլխավոր դատախազությանը, անցկացվել է դատաբժշկական փորձաքննություններ, որոնցով էլ հաստատվել է լյարդի ցերոզը, սակայն խափանման միջոցը չի փոխվել: Դիմել է առողջապահության նախարարության միջգերատեսչական մարմնին, որը ոչ միայն հաստատել է հիվանդությունը, այլ պարզել է, որ կալանավորը տառապում է շաքարային դիաբետով:
«Միջգերատեսչական մարմինը իր եզրակացության մեջ նշում է, որ կալանավորի նկատմամբ անհապաղ պետք է խափանման միջոցը փոխվի և նշվում է նաև, որ Հայաստանում այս հիվանդությունը չի բուժվում: Ես դիմել եմ նորից դատարան՝ միջնորդելով կալանավորին թույլ տալ մեկնել Շվեյցարիա, որտեղ կատարվում է լյարդի փոխպատվաստում և վերադառնալ: Ես կանգնում եմ երաշխավոր, որ նա վերադառնալու է, սակայն մեր կամակատար դատարանը կրկին մերժում է: Ասեմ, որ գլխավոր դատախազությունում ինձ բանավոր ասացին՝ «ինչ էլ ուզում եք արեք, չենք ազատելու»»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով, եթե իր պաշտպանյալը շուտափույթ չբուժվի, կմահանա:
Հակոբ Ճարոյանը նաև տեղեկացրեց, որ Սուրեն Գաբրիելյանը երեկ առավոտյան հայտնաբերվել է Վրաստանում:
«Նա այնտեղ արդեն ունի պաշտպան և հայտարարել է, որ Հայաստանից փախել է իր առողջական խնդիրների պատճառով: Մենք առաջիկայում Վրաստան կուղակենք նրա բժշկական թղթերը և դատարանի որոշումը»,- ասաց նա:
Թե ինչ կլինի այսուհետ, փաստաբանը դժվարացավ պատասխանել: Միայն նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, Հայաստանը կդիմի վրացական իշխանություններին Սուրեն Գաբրիելյանին Հայաստան ուղարկելու պահանջով, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները