Էլիտար սերմացուից տուժած ֆերմերների բողոքը դեռ շարունակվում է
Մի շարք մարզերի ֆերմերներ շարունակում են բողոքել 2011-ին Կառավարության կողմից ստացած ցորենի էլիտար սերմացուի որակից, որի հետևանքով 98 ֆերմեր հայտնվել է անելանելի վիճակում:
Նշենք, որ 2011 թվականին ՀՀ կառավարությունը ՌԴ-ից ներկրված ցորենի սերմացու էր բաշխել հանրապետության խոշոր ֆերմերներին՝ պայմանով, որ նրանք բերքը պետք է վերադարձնեն մեկը երկուսի հարաբերակցությամբ: Հանրապետության տարբեր մարզերի ֆերմերները պարբերաբար հայտարարել են, որ կառավարության հատկացրած սերմացուն անորակ է եղել, բերք չեն ստացել, հետևաբար չեն կարող վերադարձնել: Նույնիսկ որոշ դեպքերում ֆերմերները շահել են դատարան մտած գործերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը (Արարատի մարզ) նշեց, որ դիմել են տաբեր ատյաններին, իրենց խնդրի մասին տեղյակ է նաև վարչապետը: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ քննարկել են այս հարցը, սակայն այդ ժամանակ Սերգո Կարապետյանը ներկայացնելով իրավիճակը` ասել է, թե ֆերմերներն են մեղավոր, քանի որ Գյումրիում շատ լավ բերք են ստացել, իսկ նրանք թերացել են և չեն կարողացել ստանալ բերք:
Ռ.Պետրոսյանի խոսքերով` «Սերմերի մասին» օրենքում նշված է, որ սերմը երեք տարի փորձաշրջան անցկացնելուց հետո միայն պետք է տրամադրվի ֆերմերներին: Սակայն դա չի արվել և գյուղատնտեսության նախարարության սխալի համար պատասխան են տալիս իրենք: Նա նշեց, որ արդեն երկու տարի է կալանք է դրված իր ունեցվածքի, բանկային հաշիվների վրա, չի կարողանում մշակել իր հողը:
Ասուլիս մյուս մասնակիցը` ֆերմեր Մեսրոպ Հայրապետյանն էլ ասաց, որ շահառուներն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են` բերք չստանալու պատճառը անբարենպաստ կլիման է եղել, սակայն ֆերմերները պնդում են, որ պատճառը անորակ սերմնացուն է եղել: Նրա խոսքերով` գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները այցելել են իրենց դաշտերը և թերություններ չեն գրանցել:
«Եթե ասում եք, որ անբարենպաստ կլիմայի պատճառով բերք չենք ստացել, ուրեմն, գնացեք կլիմայից էլ մեր փողերն ուզեք: Տասը հեկտար ցորեն եմ ցանել, սակայն մի պարկ ցորեն իմ տուն չեմ տարել, որպեսզի իմ երեխան ուտի: Ու հիմա դատարաններն առանց խղճի խայթ ունենալու վճիռ են կայացնում, թե ինչի՞ հիման վրա, չենք էլ հասկանում: Իննսունութ հոգու անունից ասում եմ, թող մեզ կալանքից ազատեն, մեր արտագաղթը ապահովեն, մենք կգնանք այս երկրից»,-ասաց ֆերմերը` հավելելով, որ 5 մլն դրամի վնաս է կրել:
Հակոբ Վարդանյանն էլ, ով բնակվում է Արմավիրի մարզում, հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի արդարադատությունը վերականգնվի. «Մենք մինչև Եվրադատարան գնալու ենք»:
Թեմային առնչվող հրապարակում`
Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում