Հոկտեմբերի 10-ին սկսելու ենք հաղթանակի մեր հաղթարշավը. Ն.Զոհրաբյան
«Մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որ ժողովուրդը արտագաղթի: Ցավալի է, բայց պատմության մեջ հայ ժողովուրդը մնալու է որպես տոկոսի տակ մնացած ժողովուրդ. միայն թշնամին կարող է սեփական ժողորդի հետ վարվել այնպես, ինչպես ներկայիս իշխանությունն է վարվում»,- քիչ առաջ Վանաձորում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս հայտարարեց, որ ամեն օր Հայաստանը լքում է 300-400 մարդ, իսկ 300-400 մարդը մի գյուղ է, մի բազմահարկ շենք է: Այլ կերպ ասած` «ամեն օր մի գյուղ մեռնում է, հանգում է մի բազմահարկ շենք».
«Արդյո՞ք կարելի է նման իշխանությանը հավատալ կամ սպասել, որ այս իշխանությունը կարող է մի լավ բան անել այս երկրի ու իր ժողովրդի համար: Սահմանադրության վրա թքած ունեցող իշխանությունը չի կարող սահմանադրական բարեփոխում անել: Այդ բարեփոխման միակ նպատակը ևս տաս տարի շարունակել իր ազգակործան քաղաքականությունը»,- հայտարարեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եռյակը կանգնած է ժողովրդի թիկունքին, բայց ժողովուրդն էլ պետք է կանգնի իրենց թիկունքին, որովհետև առանց դրա իրենք չեն կարող հաղթանակի հասնել և ունենալ արդար իշխանություն:
«Մենք ունենք ձեր աջակցության կարիքը` պետք է կանգնեք մեր թիկունքին: Այո, ես հասկանում եմ, որ բազմաթիվ անգամներ ապրել եք հիասթափություն, գնացել ընտրության ու արդյունքում տեսել խեղաթյուրված պատկեր: Մեր գործը իրապես դժվար է, բայց միայն միասին կարող ենք հաղթել ու հետ բերել մեր այն քաղաքացիներին, որոնց աչքը ճամփին է»,- շեշտեց նա` շնորհակալություն հայտնելով այն վանաձորցիներին, ովքեր դժվարին օրերին էլ չեն հեռացել երկրից ու ում հույսը դեռ չի մարել:
Իսկ ավարտելով իր ելույթը Ն.Զոհրաբյանը հավաստիացրեց, որ այդ աջակցությունը ստանալով` հոկտեմբերի 10-ից նոր էջ է սկսվելու:
«Սկսելու ենք հաղթանակի մեր հաղթարշավը»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները