Հովունի համայնքի ղեկավարն ընդունում է իրեն առաջադրված երկու մեղադրանքից միայն մեկը
Մոտ 10 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով կալանավորված, ապա գրավի դիմաց ազատ արձակված Շիրակի մարզի Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանն այսօր էլ շարունակում է իր պաշտոնավարումը:
«Շարունակում եմ իմ պաշտոնավարումը: Ամեն ինչ նորմալ է ընթանում, որևէ խնդիր գյուղացիների հետ չունեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թ. Միրիջանյանը:
Ըստ մեղադրանքի, Թելման Միրիջանյանն օգտագործելով իր պաշտոնեաական դիրքը,1996թ աշխատելով ՇՄ Հովունի համայնքի ղեկավար, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, գործուղումների, ինչպես նաև սոցօգնությունների ելքագրված առանձնապես խոշոր չափերի գումարները: Բացի այդ Թ. Միրիջանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ է մտցրել, կազմել ու հանձնել է կեղծ փաստաթղթեր: Ըստ քրեական գործի, Թելման Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողի հարկ է գանձել, սակայն չի մուտքագրել համայնքային բյուջե, կեղծ փաստաթղթերի միջոցով էլ 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել համայնքապետարանի դրամարկղից: Ավելի քան 17 տարի Հովունին ղեկավարած Թ. Միրիջանյանը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 6-ին, այնուհետև կալանավորվել է: Գրավի դիմաց ազատվել է կալանքից այս տարվա մայիսին: Թ. Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրիք 179 –րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասին 1-ին կետի և 314 -րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
«Ինձ առաջադրված մեղադրանքը՝ պաշտոնական փաստաթղթերը կեղծելու մասով, ընդունում եմ: Եղել են դեպքեր, որ հրավիրել եմ ավագանու նիստեր, սակայն չեն կայացել, բայց կազմել եմ արձանագրություններ ու ես ինքս ստորագրել: Իսկ մյուս մեղադրանքը՝ գումարներ հափշտակելու հետ կապված, չեմ ընդունում: Նման բան հնարավոր չէ»,- ասաց Թ. Միրիջանյանը:
Այս գործով արդեն ընթանում է դատավարություն: Առաջիկա դատականը նիստը կայանալու է հոկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները