Հայկաձորում անասունների ջարդ է իրականացվում
Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում, որը սահմանամերձ է Թուրքիային, այս օրերին խոշոր եղջերավոր անասունների ջարդ է իրականացվում: Գյուղապետ Գևորգ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատճառը անասնակերի սղություն է:
«Գյուղում երաշտ էր, անասնակեր չկա: 840-850 անասունից այսօր մնացել է երևի 600-630-ը: Մի տուկ խոտը 1500-1700 դրամ է, ո՞ւմ է հարմար էդ գնով խոտ առնել»,-ասաց Սարգսյանը:
Գյուղացիները չեն կարողանում օգտագործել գյուղին պատկանող արոտավայրերը, դրանք այսօր ռուս սահմանպահների հսկողության ներքո են: Պատճառը դեռ 1996թ.-ին անհետացած 19 խոշոր եղջերավոր անասունների անհետացումն էր. դրանց մասին առ այսօր ոչինչ հայտնի չէ:
«Արտասահման են անցել, թե արտասահման չեն անցել, չգիտենք: Ես այդ երկրի անունը տալ չեմ ուզում: Երեք գիշեր չեմ քնել, կենդանիների թողած հետքերն եմ ուսումնասիրել քարերի ու գետնի վրա: Այն ժամանակ մինչև Մոսկվա ահազանգ եղավ, բայց մինչ օրս ոչ մի բան բացահայտված չէ, երկու տարի շարունակ այդ հարցը քննարկվում էր»,-ասաց գյուղապետը, նշելով, որ գործով զբաղվել են դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը:
Կենդանիներին կորցրած 6-7 ընտանիքներն էլ մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել:
Սեպտեմբերի 26-ին գյուղապետարանի շենքի հանդիսավոր բացման ժամանակ Սարգսյանը խոսել է գյուղ եկած ռուս հրամանատարի հետ, խնդրել է թույլտվություն տարվա մեջ գոնե մեկ ամիս անասուններն արոտավայրերում պահելու համար: Մինչ այսօր ոչ մի պատասխան նրանից չի ստացել:
«Ես ասել եմ, չենք թողնի, որ անասունները Ախուրյանից ջուր չեն խմի, Արփաչայը չեն անցնի: Գոնե թողնեն գյուղացիներով սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մաքրեն, զբոսաշրջիկներն էլ գան, տեսնեն: Ամեն ինչ բացատրել եմ, սպասում եմ պատասխանի»,-ասաց գյուղապետը:
Թեմային առնչվող նյութեր՝
Գյուղացիներին չեն թողնում բերքը պաշտպանել վարազներից
Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»