«Կինոաշուն» ծրագրի մեկնարկն՝ այսօր
Այսօր Վանաձորում տրվելու է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի մեկնարկը: Այս տարի ծրագիրը նվիրվում է հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին։ Ազգային կինոամիսը կմեկնարկի «Փարաջանով» խաղարկային լիամետրաժ կինոնկարի և Վանաձորի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին տեղեկացնում են Ազգային կինոկենտրոնի լրատվական ծառայությունից:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը միաժամանակ կմեկնարկի Երևանի վարչական տարածքներում և Հայաստանի մարզերում, ուր մեկ ամիս շարունակ կցուցադրվեն հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր: Արդեն երկրորդ անգամ «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթ։ Բուհերի համար հատուկ ընտրվել են վերջին 2 տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար կհայտարարվի «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը։
«Կինոաշուն» ծրագրում այս տարի հատուկ ծրագիր կներկայացվի հայկական բանակի ու արցախյան ազատամարտի թեմայով, որոնք ոչ միայն կներառվեն հիմնական ցուցադրություններում, այլև կներկայացվեն սահմանպահ գյուղերում ու երկրի համար հատուկ նշանակության այլ բնակավայրերում։
«Կինոաշնան» շրջանակներում կնշվեն Առնոլդ Աղաբաբով-85, Բագրատ Հովհաննիսյան-85, Արման Մանարյան-85, Գենադի Մելքոնյան-70 հոբելյանները։ Նշվելիք հոբելյանների առիթով կկազմակերպվեն հայ մեծանուն կինոգործիչների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, մարզերում և Երևանի վարչական շրջաններում կանցկացվեն հոբելյանական երեկոներ, իսկ բուհերի ուսանողների մասնակցությամբ կանցկացվի կլոր սեղան՝ «Մեր մեծերը» խորագրով:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կեզրափակվի Արտաշատում, նոյեմբերի 7-ին:
Նշենք, որ «Կինոաշուն» ծրագրի կազմակերպիչն է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները