Ադրբեջանի ներսում տիրող բռնություններից խոսելու փոխարեն` ԵԽԽՎ-ն զեկույց է պատրաստում. Լ.Ալավերդյան
«Ադրբեջանի ներսում տիրող բռնություններից խոսելու փոխարեն` ԵԽԽՎ-ն զեկույց է պատրաստում: Սա վկայում է այն մասին, որ գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, կոռուպցիայի հետ, բայց այն կարծիքին էլ չեմ, թե կոռուպցիան անհաղթահարելի խոչընդոտ է», -այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով օրերս ԵԽԽՎ-ում ընդունած որոշմանը զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի մասով, որը կրելու է «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը:
Տիկին Ալավերդյանի մատնանշմամբ` միայն պատրաստվելիք զեկույցի անվանումը ինքնին վատ է, քանի որ դրանում արդեն կա եզրակացություն, ինչը բացահայտ կոշտ մեթոդ է: Հղում անելով ԵԽԽՎ պատվիրակության մեր անդամների հայտարարություններին նա նշեց, թե վերջիններս ճիշտ են ասում, երբ հայտարարում են, որ ականատեսն ենք եվրոպական արժեքների ճգնաժամի. «Մեզ համար այս զեկույցի անվանումը, ինքը զեկույցը արդեն ծանրակշիռ փաստարկ է, որովհետև ինչպես հնարավոր է նախքան Ղարաբաղի շուրջ իրավիճակն ուսումնասիրելը այնտեղ արդեն բռնության սրացում հայտնաբերել»:
Լ.Ալավերդյանը ցավով նշեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում իրեն այնպես չի ներկայացնում, ինչպես պետք է ներկայացներ ու առավել ևս հստակ դիրքորոշումով հանդես գար. «Այո, ԵԽԽՎ-ն ղեկավարվում է տնտեսական և աշխարհաքաղաքական շահերով, բայց սա նշանակում է, որ այդ շահերի բախման կետում Հայաստանը պետք է դաշնակիցներ և մեթոդներ գտնի, ու նաև իր շահերը համաձայնեցնի աշխարհաքաղաքական շահերի հետ: Բացի այս նկատելի է, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը հատվածային է աշխատում` արդեն 14 տարի է, որ ներկա ենք և պետք է վաղուց արդեն հստակ դաշնակիցներ ունենայինք այնտեղ, ինչը չունենք»:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պետք է ավելի հետևողական աշխատանք տանի, տիրապետի խորքային մեխանիզմների: