ԲՀԿ-ն իշխանափոխություն չի պահանջի
Նախօրեին Վանաձորում եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «այս իշխանությունները պետք է հեռանան», ինչը առաջ քաշեց ենթադրություն, որ կուսակցությունն իր օրակարգում փաստորեն արդեն դրել է իշխանափոխության հարցը: Այնպես որ տրամաբանական է, որ եռյակի այսօրվա հանդիպումից հետո լրագրողները առաջինը հենց դա հետաքրքրվեցին` ԲՀԿ-ն կողմնորոշվե՞լ է և ի՞նչ էր նշանակում Ն.Զոհրաբյանի այդ հայտարարությունը: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը ասաց. «ԲՀԿ-ն նկատի ուներ, որ թույլ չենք տալու կյանքի կոչվեն իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները»:
Կոնկրետ Ն.Զոհրաբյանի հայտարարության վրա սևեռվելով Ս.Մարգարյանը փորձեց բացատրել, թե այս կամ այն կերպ նույնը ԲՀԿ-ական իր գործընկերները բազմիցս են հայտարարել` երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա խորը անջրպետ ժողովրդի և իշխանության միջև և դժվար է պատկերացնել, որ այդ անջրպետը ինչ-որ ձև կլցվի:
«Դա է պատճառը, որը իշխանությունները ձեռնարկել են Սահմանդրական բարեփոխումներ, որոնք ընդամենը նպատակ ունեն վերարտադրելու գործող իշխանություններին»,- նշեց պատգամավորը:
Հետագա իր ասելիքից էլ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի օրակարգում ամեն դեպքում իշխանափոխության հարց դրված չի:
«Իշխանափոխությունը ինքնանպատակ չպետք է լինի: Մենք գործ ունենք գնացող նախագահի և նրա հետ գնացող թիմի հետ: Իշխանափոխությունն արտահերթ կամ հերթական լինելու է»,- շեշտեց նա:
Ավելին` լրագրողների հարցին, թե այդուհանդերձ ԲՀԿ-ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչեցնելո՞ւ է «Սերժ Սարգսյան հեռացիր» կոչը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե դա հարցերի լուծում չի:
«Պետք է հնչեն այն կոչերը, որոնք հարցեր են լուծում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները