Քաղաքագետ. ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար մեծ նշանակություն կունենա
Եթե ֆորսմաժորներ չլինեն ու առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում Աստանան ու Բելառուսը ստորագրեն ԵՏՄ վավերացման մասին օրենքը, Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի համար արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային համատեքստով մեծ նշանակություն կունենա:
Քաղաքագետի խոսքով, ՀՀ-ում շատերը քննադատում են ՀՀ իշխանության կայացրած որոշումը՝ անդամակցել ԵՏՄ-ին, ինչը կապված է ԼՂՀ-ի հետագա տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ:
«Հասկանալի է այս քննադատությունը: Բայց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի ղեկավարության կայացրած նման որոշումը մեծամասամբ կապված էր հենց ղարաբաղյան հիմնախնդրով»,- ասաց Ս. Մինասյանը:
Ինչ վերաբերում է անդամակցությունից հետո ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ ստեղծելու հնարավորությանը, քաղաքագետն ասաց, որ եթե լինի, ապա կլինի ֆորմալ: Ըստ նրա, Հայաստանն անդամակցում է այդ միությանը՝ հույս ունենալով տնտեսական, ռազմական ավելի մեծ հնարավորություն ստեղծել ՀՀ-ի, ԼՂՀ-ի համար: Այսինքն, եթե անդմակցությունից հետո այս առումներով խնդիրներ ստեղծվեն, ապա, ըստ Ս. Մինասյանի, հասկանալի է, որ անդամակցությունն իմաստազրկվում է: