«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի գործով կայացած դատական նիստի սկզբում տուժող Լորետա Բարսեղյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նախ ցանկացավ ճշտել՝ արդյոք մեղադրյալի փաստաբան Հայկ Ալումյանը մասնակցում է դատավարությանը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Հայկ Ալումյանը դատավարության ընթացքում լքել էր նիստերի դահլիճը:Aravot.am կայքի տեսագրության համաձայն, այս հայտարարության ընթացքում արդեն Հայկ Ալումյանը նիստերի դահլիճում էր:
«Նախորդ նիստի ժամանակ Հայկ Ալումյանը հեռացել էր նիստերի դահլիճից, մինչդեռ, ըստ Քրեական դատավարության 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պաշտպանն առանց նախագահողի թույլտվության չի կարող լքեք դատական նիստերի դահլիճը: Նա լքել է: Դուք դրան մատների արանքով ենք նայում, դիտողություն էլ չեք անում: Մինչդեռ Ձեզ բացարկ են հայտնում, որ կարող եք ոչ ճիշտ դատական ակտ անցկացնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սյունիքի մարզպետ է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը: Մենք տեսնում ենք, որ շահարկվում է Սուրիկ Խաչատրյանի նշանակումը որպես մարզպետ, արդյունքում ստացվում է, որ դատական նիստում մեղադրյալի պաշտպանը դոմինանտ է, ավելի է սրում իրավիճակը, որպեսզի հասարակությանը ցույց տա, որ մենք խոչընդոտւմ ենք դատական նիստը, իսկ Դուք այս գործով չեք կարող անաչառ լինել: Չգիտենք՝ նա մասնակցո՞ւմ է այսօրվա նիստին, թե՞ ոչ: Դահլիճում նստած է, բայց կարող է չի մասնակցում»,- իր խոսքն ուղղելով դատավորին՝ ասաց Ռուբեն Սահակյանը:
Նիստը նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը դիմեց դահլիճում նստած Հ. Ալումյանին՝ արդյո՞ք մասնակցում է դատականին նիստին որպես մեղադրյալի շահերի պաշտպան:
«Հումորով եմ վերաբերում այս հայտարարությանը: Հույս ունեմ, Դուք էլ հումորով կվերաբերվեք: Չեմ ուզում, որ այս դատավարությունը դառնա երկու կոլեգաների անձնավորված բանավեճ, դրա համար չեմ պատասխանում իմ կոլեգայի ասածներին, որոնք հասցեագրված են անձամբ ինձ:
Ես էլի շարունակում եմ համարել, որ այս դատավարությունը բոլոր պարագաներում չի կարող ընթանալ օբյեկտիվ, քանի դեռ գործը քննվում է Սյունիքի մարզում բնակվող և Սյունիքի մարզում աշխատող բնակիչ հանդիսացող դատավորի կողմից, իսկ Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատրյանն է: Ես մնում եմ իմ կարծիքին: Անցած անգամ ես լքեցի նիստերի դահլիճը՝ նաև գործողության միջոցով ցույց տալով իմ անհամաձայնությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը, քանի որ Ռուբեն Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել, որ փորձագետին, ով վերծանել էր տեսաձայնագրությունը, մասնակվի դատաքննությանը: Նա նիստին ներկա չէր:
«Իմ միջնորդությունը՝ հրավիրել փորձագետին, ինքնանպատակ չէր: Նա պետք է օգնի մեզ լսել այն, ինչ վերարտադրել է թղթի վրա, քանի որ ես ուրիշ բան եմ լսում, մյուս կողմը՝ ուրիշ»,- ասաց Ռ. Սահակյանը:
Հայկ Ալումյանն էլ նշեց, որ վստահում է փորձագետի տված եզրակացությանը, որևէ կասկած չունի: Ռ. Սահակյանը պնդեց, որ առանց փորձագետի համաձայն չէ շարունակել դատավարությունը:
Դատավորն ասաց, որ հաջորդ դատական նիստին կապահովեն փորձագետի մասնակցությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը