Առաջին օգուտը ԵՏՄ-ից` հայաստանցի աշխատանքային միգրանտները կաշխատեն առանց «պատենտների». Ա.Սաֆարյան
Ինչպես ակնկալվում է` հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կստորագրի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը: Panorama.am-ի հետ զրույցում «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ ԵՏՄ-ի անդամակցությունից Հայաստանի օգուտների մասին շատ է խոսվել և դրանք արդեն տեսանելի են. «Ակնհայտ է, որ առաջիկայում Հայաստանը կստանա ԵՏՄ-ի մաքսային բյուջեի 1 տոկոսի չափով գումար, ինչը թվերով հավասար է տարեկան շուրջ 152 մլն դոլարի հատկացում ՀՀ պետական բյուջեին»:
Վերջինիս խոսքով, բացի այս ՀՀ քաղաքացիները` ՌԴ, Ղազախստանի, Բելարուսի քաղաքացիների հետ հավասար հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների և այսպես կոչված «պատենտների» աշխատել այն նույն պայմաններով, ինչպես նշված երկրների քաղաքացիները:
«Դրա հետ մեկտեղ, Հայաստանի աշխատանքային միգրանտները հնարավորություն կստանան օգտվել մի շարք արտոնություններից իրենց երեխաների համար` մանկապարտեզ, դպրոց, ինչպես նաև սոցիալական ապահովության փաթեթից, որի մեջ մտնում է նաև առաջին բժշկական օգնությունը»,- թվարկեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ այսպիսով Հայաստանի քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի նման արտոնություններից օգտվելու համար հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչն անշուշտ չափազանց կարևոր է:
Արամ Սաֆարյանի հավաստմամբ`սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները աշխատաշուկայում կօգտվեն բոլոր այն արտոնություններից, որոնք տարածվում են ՌԴ, Ղազախստանի և Բելաrուսի քաղաքացիների վրա. «Մինչդեռ հիշեցնեմ, որ ԵՄ ասոցացումը երբեք նման պայմաններ Հայաստանի քաղաքացիների համար չի առաջարկել»:
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա «Ինտեգրացիա և զարգացում» հկ նախագահը մատնանշեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին է տրամադրվելու 300 մլն դոլարի վարկ հայկական ատոմակայանի վերակառուցման համար: Եվ ևս 30 մլն դոլար Հայաստանին կտրամադրվի անվերադարձ` էներգետիկայի ոլորտը զարգացնելու նպատակով:
«Հիշեցնեմ, որ Եվրամիությունը, Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես հանդես են եկել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը դեմ, սակայն Հայաստանը երբեք չի հրաժարվել իր ծրագրերից` զարգացնել ատոմային էներգետիկայի ոլորտը քաջ գիտակցելով, որ ատոմակայանից հրաժարումը Հայաստանի տնտեսությանը ահռելի վնաս կհասցնի ու կհարվածի դրա զարգացմանը»,- շեշտեց Արամ Սաֆարյանը:
Panorama.am-ի զրուցակիցը նաև հիշեցրեց, որ ՌԴ միգրացիոն ծառայությունը այլ գերատեսչությունների հետ միասին ստեղծել է տեղեկատվական բազա, որում առկա են ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնց վերջին ամիսներին արգելվել է մուտք գործել ՌԴ տարածք և հիշեցրեց, որ եթե այդ քաղաքացիները քրեորեն հետապնդելի արարք թույլ չեն տվել, ապա առաջիկա ամիսների ընթացքում ՌԴ մուտք գործելու իրենց իրավունքը կվերականգնվի:
Հարակից հրապարակում`
ՌԴ-ում դեպորտ արված 60-70 հազար ՀՀ քաղաքացի կընկնի համաներման տակ. Ա.Սաֆարյան