Հայկական գինին, կոնյակը, կաթնամթերքն ու մսամթերքը՝ ռուսաստանյան ցուցահանդեսում
Հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կգործի «Ոսկե աշուն 2014» գյուղմթերքների միջազգային ցուցահանդեսը, որը նվիրված է գյուղատնտեսության և մշակող արդյունաբերության աշխատողի օրվան։
Յուրաքանչյուր տարի ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ ընկերություններ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններից, ինչպես նաև տասնյակ այլ երկրներից: Նախորդ տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 100 հազար:
Նպատակ ունենալով խթանել հայկական գյուղմթերքի վերամշակման ոլորտի արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնության շուկա, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերներ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը համատեղ կազմակերպել են ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը: Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանյան ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են մեկ միասնական հայկական տաղավարում: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում են գինու, կոնյակի, գարեջրի, պահածոների, հյութերի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտները ներկայացնող 11 ընկերություններ (Արտաշատի պահածոների գործարան, Թամարա ֆրութ, Եվրոթերմ, Դուստր Մարիաննա, Արաքս-2, Երևանի գարեջուր, ԳԿՏ Շահնազարյան, Դուստր Մելանյա, Վեդի Ալկո, Պռոշյանի կոնյակի գործարան, Նատֆուդ):
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության հետ կապված ծախսերի 50%-ը համաֆինանսավորվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։
Ցուցահանդեսի հայկական տաղավարի բացմանը ներկա են լինելու ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանը և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հ. Միրզոյանը:
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը համատեղ կազմակերպել են Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, աջակիցներն են Մոսկվայի կառավարությունը, Ռուսաստանի գյուղատնտեսության գիտությունների ակադեմիան։
Նախորդող հրապարակում՝
«Ոսկե աշուն-2014» ցուցահանդեսին կներկայացվեն 15 հայաստանյան ընկերություններ