Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են
Վերջին մի քանի ամիսների ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը` հավելելով, որ պատճառը թուրքական ձկնամթերքն է, որը ի տարբերություն հայկականի, ռուսական շուկայում ավելի էժան է վաճառվում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհավասար մրցակցության:
Նրա խոսքերով` այսօր Հայաստանից տարեկան արտահանվում է մոտ 2 հազար տոննա ձկնամթերք, սակայն ռուսական շուկայում առավել մեծ պահանջարկ ունի հայկական իշխանը:
«Մինչդեռ իշխանի ներկա ծավալները հազիվ բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Ինչ վերաբերում է թառափի արտահանմանն, ապա այն ավելի փոքր ծավալներով է իրականացվում»,- նշեց Ա. Աթոյանը:
Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, Ա. Աթոյանն ասաց, որ անդամակցությունից հետո առաջին հերթին կթանկանա ձկան կերը, որը ներկվում է Եվրոպայից: Արդյունքում, ըստ նրա, ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունները կսկսեն ընտրություն կատարել ռուսական և եվրոպական արտադրանքի միջև:
«Մինչ օրս հայ տնտեսվարողներն օգտվել են առավելապես եվրոպական արտադրության ձկան կերերից, բայց կախված ռուսական կողմի նախաձեռնողականությունից, առաջարկած գնից՝ հնարավոր է հայ ձկնարտադրողի ընտրությունը կանգնի հենց ռուսական արտադրության կերերի վրա»,- ընդգծեց նա: