Էջմիածինը տոնում է իր 2699-ամյակը
Հայաստանի հոգևոր կենտրոն համարվող քաղաքում այսօր տոնական մթնոլորտ է ու բարձր տրամադրություն: Էջմիածնեցիները նշում են քաղաքի տոնը, փողոցներում ու վիրտուալ տիրույթում շնորհավորում միմյանց, խոստովանում իրենց մեծ սերը քաղաքի հանդեպ:
Վաղ առավոտյան դպրոցահասակ երեխաները շարքերով «Շնորհավոր» բացականչություններով շարժվում էին դեպի քաղաքի գլխավոր հրապարակ: Արդեն մի քանի տարի է՝ քաղաքի տոնը նշվում է մեծ շուքով:
2699 տարվա պատմություն ունեցող քաղաքի օրը պատահական ընտրված չէ:
405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, նրան հենց այս օրը Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: 3 օր շարունակ Էջմիածնում տոնախմբություն էր:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Էջմիածին-Վաղարշապատը դառնում է Հայոց հոգևոր և մշակութային կենտրոն: Այստեղ` արքայական պալատի հարևանությամբ, կառուցվում է Մայր Տաճարը (301-303թթ.)՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը, որտեղ հետագայում հիմնադրվում են հայոց առաջին դպրոցը և մատենադարանը:
Հետագա դարերում քաղաքում վեր են խոյանում հայ ճարտարապետության գլուխգործոցները՝ Սբ. Հռիփսիմե (618թ.),Գայանե (630թ.) վանքերը, Սբ. Շողակաթ(1694թ.) եկեղեցին, Սբ. Զվարթնոց տաճարը(641-661թթ.), հիմնադրվում են Հայաստանում առաջին տպարանը(1771թ.), թղթի գործարանը(1776թ.), Գևորգյան հոգևոր ճեմարանը(1874թ.), տպագրվում է «Արարատ» պարբերականը(1868թ.):
Էջմիածինը բուռն զարգացում է ապրել հատկապես անցյալ դարում:
Այսօրվա Էջմիածնի հատակագծման աշխատանքները սկսվում են 1925թ.: Քաղաքի գլխավոր փողոցները կառուցապատվում են 1-2 հարկանի աղյուսաշեն, փայտյա նախշազարդ պատշգամբներ ունեցող ինքնատիպ տներով: Դրանց վրա փառահեղորեն իշխում են հետաքրքիր ծավալներ և ուրվագծեր ունեցող եկեղեցիները:
1945 թ. պաշտոնապես Վաղարշապատ քաղաքը և շրջանը վերանվանվում են Էջմիածին: Քաղաքում մեծածավալ կառուցապատման աշխատանքներ են կատարվում 1960-1970թթ.: Այժմ քաղաքը զբաղեցնում է 4424,82 հա հողատարածք, մտնում է ՀՀ Արմավիրի մարզի վարչատարածքի մեջ և ունի 57600 բնակիչ:
2007թվականից Էջմիածինը պատմամշակութային իր հարուստ ժառանգությամբ (201 պատմամշակութային հուշարձան) ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն քաղաքներ» կազմակերպության անդամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները