Իշխանություններին չի անհանգստացնում այս հանրահավաքը և «ընդդիմություն + այլընտրանք» ալյանսը. Հ. Սահակյան
Իհարկե մենք ակնկալում ենք, որ կստորագրենք հոկտեմբերի 10-ին համաձայնագիրը և հունվարի 1-ից կմիանանք ԵՏՄ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը` նշելով, որ բազմաթիվ ու բազմապիսի հարցեր կան, կատարվել է հսկայական աշխատանք` Հայաստանին մինչև 800 տարբեր արտոնություններ տրամադրելու մասին է խոսքը. «Ավելորդ է նաև խոսել շուկայի հզորանալու մասին»:
Նա նաև ընդգծեց, որ երբեք Հայաստանի առաջընթացը, զարգացումը չի կարող լինել Արցախի հաշվին. սա ի պատասխան այն խոսակցությունների, թե ԵՏՄ անդամակցությունը վտանգում է Արցախի անկախությունը:
Հ. Սահակյանի խոսքով, արտոնությունները վերաբերում են տնտեսական դաշտին և դրա մասին իրենց տեսակետը բազմիցս արտահայտել են տնտեսագետներն ու մասնագետները:
Գալով հոկտեմբերի 10-ին արդեն երկրի ներսում սպասվող իրադարձությանը` հանրահավաքին, Հ. Սահակյանը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և չկա որևէ խոչընդոտ և եթե որոշել են հանրահավաքային դրսևորումներով ներկայանալ, ապա որևէ խոչընդոտ չի կարող լինել:
«Մենք ունենք մեր դիրքորոշումը, ձևավորած կառավարությունն ու դրա գործունեության ծրագիրը, որին համահունչ իրականացնում ենք մեր քաղաքականությունը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը` շեշտելով, որ իշխանություններին չի անհանգստացնում այս հանրահավաքը և «ընդդիմություն գումարած այլընտրանք» ալյանսը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հավատում է եռյակին, պատգամավորը նախ ասաց, որ հավատում է Աստծուն, «իսկ եռյակի անկեղծությանը բոլորս էլ կարող ենք փորձել հավատալ… եթե, իհարկե, չօգտագործենք ընդդիմություն եզրույթը»:
ՀՀԿ-ական Սահակյանը արձագանքեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ հրետանին այդքան ակտիվ չի պատասխանում եռյակը ներկայացնող ուժերի քննադատություններին ու իշխանությունների հեռանալու մասին հայտարարություններին.
«Երբ զգանք լրջություն կա այդ ամենի մեջ կխոսենք, որովհետև եթե կոնկրետ ասելիք լինի` մենք անպայման կասենք: Հայհոյախառը արտահայտություններից բացի որևէ միտք չի արվել, որին մենք պետք է արձագանքեինք»:
Իսկ Panorama.am-ի հարցին` հիմա ինչ, հոկտեմբերի 10-ին ճանապարհները փա՞կ են լինելու, թե ոչ, Հ. Սահակյանը պատասխանեց. «Եղանակի տեսությունը կարծես ձնաբուք չի կանխատեսում այդ օրերին, այնպես որ եռյակը թող առանց մտահոգվելու իր հանրահավաքը կազմակերպի»:
Անդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները պետք է հեռանան, ԱԺ պատգամավորը ասաց, որ կարող է մեկնաբանել միայն այն ժամանակ, երբ այդ հայտարարությունը հստակ արվի և ոչ թե արվի, հետո հերքվի և այլն. «Երբ եռյակի առաջնորդները հստակ այդ մասին հայտարարեն, այդ ժամանակ էլ մենք մեր ասելիքը կասենք ու ՀՀԿ հրետանին կհանենք»: