Իրանի ԱԳՆ. Հուսով ենք թուրքերը խելացիորեն կգործեն և չեն նպաստի տարածաշրջանի ապակայունացմանը
«Թուրքիան տարածաշրջանում ընթացող զարգացումների ֆոնին որևէ գործողություն կատարելիս պետք է պատասխանատվություն ունենա»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սիրիայի և Իրաքի հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Մենք հայտարարել ենք, որ Թուրքիան պետք է պատասխանատվությամբ գործի և պետք է ձեռնպահ մնա որևէ գործողություն կատարելուց, որը տարածաշրջանում անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»:
«Ներկայում տարածաշրջանում տիրող իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս, ուստի հուսով ենք, որ թուրքերը խելացիորեն կգործեն և ահաբեկչության դեմ պայքարի հարցը չեն ծառայեցնի կարճաժամկետ շահերին»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Նշենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի և Իրաքի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալու որոշմանը, քննադատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում որոշ երկրների ընտրած մեթոդները և հավելել. «Տարածաշրջանի երկրները պետք է ներկայիս զարգացումների հանդեպ պատասխանատու քայլեր կատարեն և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը»:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների առաջխաղացումը կանխելու համար միայն օդային հարվածները բավարար չեն, անհրաժեշտ է ցամաքային հարձակում ևս իրականացնել:
Նախօրեին իրանական «Շարղ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է կազմակերպվել, որի ընթացքում ցուցարարները քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հարցում վարած քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում