«Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելու դժվարությունը հիվանդության ամենաբարդ մասն է»
«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է և այս տարի այն անցնում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագրով»:
«Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելու դժվարությունը հոգեկան հիվանդության ամենաբարդ մասն է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:
Նա նշեց, որ առաջին հերթին պետք է հոգեկան առողջության նկատմամբ պիտակավորումը հանվի հասարակության մտածելակերպից. «Հոգեկան առողջությանը պետք է վերաբերվել ինչպես մյուս օրգանների հիվանդություններին»:
Նա նաև տեղեկացրեց, որ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնը նույնպես օրվան ընդառաջ կազմակերպում է միջոցառումներ՝ «Մտածենք հոգեկան առողջության մասին» խորագրի ներքո:
«Մարդիկ անգամ հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում խուսափում են դիմել մասնագետին, ինչն էլ խորանալով կարող է հասնել մինչև հոգեկան հիվանդության: Իսկ չդիմելու հիմնական պատճառներից մեկը հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերն են: Մեր միջոցառումների նպատակն է կարգախոսներով, տեղեկատվական նյութերով, ինչպես նաև մշակութային միջոցառումներով իրազեկել մարդկանց»,-ասաց Մելինե Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման՝ հոգեկան առողջությունը միայն հոգեկան հիվանդության բացակայությունը չէ. «Հոգեկան առողջությունը՝ լավակեցությունն է, որի շրջանակներում անհատը իրագործում է իր ունակությունները, հաղթահարում է առօրյա սթրեսը, արդյունավետ աշխատում է և ներդրում կատարում իր համայնքի կենսագործունեությանը»:
Հանդիպմանը ներկա հոգեբույժ Մարուքե Եղիյանն էլ նշեց, որ Հայաստանում գրանցված են մեկ տոկոսից ցածր հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներ. «Սա չի նշանակում, որ մեր երկրում ավելի քիչ են հոգեկան խնդիրներ ունեցողները: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ խուսափում են պիտակավորումից: Այս գրանցվածների մեջ մտնում են միայն շատ ծանր հիվանդները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա