Արևմտյան դիվանագետների ծախվածությունը և Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը
Իտալական առաջատար «Osservatorio balcani e caucaso» պարբերականում լույս է տեսել ադրբեջանցի հեղինակ Արզու Գեյբուլաևայի հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է ադրբեջանական իշխանությունների կողմից երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լռությանը:
Հոդվածագիրը նշում է, որ կան քաղաքական առաջնորդների այնպիսի տեսակներ, ովքեր հակված են ամեն կերպ անտեսել առկա խնդիրները: Ըստ հոդվածագրի` նման գործիչների թվին է պատկանում նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Վկայակոչելով Հասանովի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը իրականացվում է «ամենաբարձր մակարդակով», իսկ հասարակական կազմակերպությունների նկատմամբ օրենսդրության խստեցումը «նպատակ ունի ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը»` հեղինակը գրում է. «Հայտնի ասացվածքն այ մասին, որ «ձուկը գլխից է հոտում», ավելի ծանրակշիռ է դառնում Ադրբեջանի ղեկավարության և հենց Հասանովի դեպքում` արտացոլվելով վերջին շրջանում նրանց կողմից իրականացված քաղաքականության մեջ: Չնայած, որ այդ արտահայտությունը բավական է միայն ամռան ամիսների աննախադեպ բռնաճնշումները բնութագրելու համար»:
Հակադարձելով Հասանովի «իրականությանը չհամապատասխանող» հայտարարություններին` հոդվածագիրը հերթով թվարկում է ադրբեջանական իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ գործադրված բռնաճնշումները և բանտարկության դեպքերը:
Այս համատեքստում անդրադառնալով եվրոպական և ամերիկյան դիվանագետների «անգործությանը»` հեղինակը նրանց համեմատում է հայտնի «երեք իմաստուն կապիկների» հետ` նշելով, որ նրանց կողմից Ալիևի ռեժիմի նկատմամբ հստակ և սաստող գործողությունների բացակայությունը Ալիևին թույլ է տալիս քողարկվել միջազգային լեգիտիմության շղարշի ներքո:
«Այս առումով ադրբեջանական իշխանությունները հաջողության են հասնում կոռուպցիայի, ագահության և միլիարդավոր դոլարների հասնող լոբբինգի շնորհիվ: Սակայն իրականությունը այնքան գորշ է, որքան եվրոպական և ամերիկյան դիվանագետների ծախվածությունը, որի գինը հասարակ քաջ ադրբեջանցիները իրենց ազատությամբ են վճարում»,- նկատում է հեղինակը:
Շարունակելով միջազգային հանրությանն ուղղված քննադատությունը` հոդվածագիրը նշում է, որ ոչ միայն առանձին դիվանագետներն են ձախողվում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլ նաև այնպիսի կառույցներ, ինչպիսին է «մարդու իրավունքների պաշտպանության ամրոց հանդիսացող Եվրոպայի խորհուրդը»:
Ըստ հեղինակի` հենց այս ձախողումներն են, որ թույլ են տալիս Ալիևի վարչակազմին աննախադեպ մակարդակի հասցնել բռնաճնշումները և նույնիսկ հայտարարել երկրում քաղբանտարկյալներ չլինելու մասին, այն դեպքում, երբ նման 98 քաղբանտարկյալի մասին զեկույցը բոլորովին վերջերս է հրապարակվել:
«Թե ով է Ադրբեջանի կառավարության ցուցակում հաջորդ թիրախը, դժվար է ասել: Նմանապես բարդ է ասել, թե արդյոք ինչ-որ մեկը կմնա, որպեսզի բարձրաձայնի այս ամենի մասին: Բայց երբ արդեն էլ ոչ մի մարդ չի մնա, միգուցե խավիարային դիվանագիտությունն էլ դադարի գործելուց և դա կդառնա նոր էջ Ադրբեջանի համար: Վստահաբար, նույնիսկ այդ դեպքում Հասանովը ինչ-որ բան կունենա ասելու. մոտավորապես այսպես` այս ամենը արվեց նրա համար, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ասել ժողովրդավարություն` Ալիևի օրոք»,- եզրափակում է հոդվածագիրը: