Արյունալի բախումներ` Թուրքիայի քաղաքներում. «Թուրքիան վերածվել է ռազմադաշտի»
Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում և մի շարք այլ քաղաքներում արյունալի բախումներ են ընթանում: Հյուսիսսիրիական հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, թեև, ըստ մամուլի հրապարակումների, բախումների ժամանակ գործադրվել է նաև հրազեն:
Ընդ որում բախումներ են տեղի ունեցել ոչ միայն ցուցարարների ու ոստիկանների միջև, այլ նաև Քոբանիի համար բողոքի դուրս եկած քրդերի ու Թուրքիայի ազգայնական խմբերի միջև: Էրզրումում մի խումբ ազգայնականներ խոհանոցային դանակներով զինված հարձակվել են ցուցարարների վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրանցից շատերին:
Ինչպես բնորոշում է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիան վերածվել է ռազմադաշտի: Ըստ պաշտոնական տվյալների` բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած ընդհարումների հետևանքով կան սպանվածներ Դիարբեքիրում (8 հոգի), Մարդինում (2 հոգի), Շիիրթում (2 հոգի) և Բաթմանում (1 հոգի): Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց ստույգ թիվն առայժմ չի հրապարակվում:
«Ջումհուրիյեթ»-ը տեղեկացնում է, որ վիրավորվել է իր ֆոտոլրագրող Նեջաթի Սավաշը: Վանում բողոքի քայլերթի դուրս եկած ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներով հրկիզել են Աթաթուրքի արձանը: Փողոցային անկարգություններն ու արյունահեղությունը դադարեցնել կարողանալու համար թուրքական իշխանությունները վեց նահանգներում (Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ) փողոց դուրս գալն արգելող հրահանգ են արձակել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում