Հետաձգվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջը
ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, որով ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը այս տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով` պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
Կառավարության հիմնավորման համաձայն` խնդիրը կայանում է նրանում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարին` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները