Իրանահայ պատգամավոր. Հայոց ցեղասպանության դատապարտման դեպքում Թուրքիան չէր համարձակվի աջակցել «Իսլամական պետությանը»
«Հայոց ցեղասպանության դատապարտման դեպքում Թուրքիան չէր համարձակվի աջակցել «Իսլամական պետությանը»,-այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը, «ՍԱՄԵՆ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Եթե դատապարտվեին Իսրայելի գործած ոճրագործությունները Սաբրայում և Շատիլայում, եթե դատապարտվեր ԱՄՆ-ի կողմից Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծումը, ապա այսօր, ամբողջովին այլ կլիներ այդ երկրների վիճակը: Եթե դատապարտվեր 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների, ալավիների և ասորիների ցեղասպանությունը, ապա այսօր այդ երկիրը չէր համարձակվի պաշտպանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սակայն, դժբախտաբար դա տեղի չունեցավ»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Իրանի հայ համայնքի կարևորագույն խնդիրը Հայոց Ցեղասպանության հարցն է: Նրա տեղեկացմամբ՝ իրանահայերի 40 տոկոսը Ցեղասպանությանը զոհ դարձած հայերի ժառանգներն են:
Պատգամավորը, անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թվին, նշել էր. «Իրանահայերի 98-99 տոկոսը Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ: Ներկայում ողջ աշխարհում Հայաստանի բնակչության հետ միասին 13-14 միլիոն հայ է բնակվում: Իրանում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում է 100 հազարի»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: