Եթե իմ թեկնածությունն առաջադրեն, ես դրան էլ եմ պատրաստ. Գագիկ Ծառուկյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե առաջադրեն իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, ինքը դրան պատրաստ կլինի:
Գագիկ Ծառուկյանը խոստովանել է նաև, որ իր մտքում կան 4-5 թեկնածուներ նախագահի պաշտոնի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, և կարող են զարգացնել երկիրը:
«Եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ», - ասել է նա:
«Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն` ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ: Ու կարող եմ ասել, որ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա», - ասել է Գագիկ Ծառուկյանը:
Պատասխանելով հոկտեմբերի 10-ին անցկացվող հանրահավաքի մասին հարցին` ԲՀԿ առաջնորդը տեղեկացրել է, որ անպայման մասնակցելու է հանրահավաքին: