Orange հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծն ամփոփել են կուրության կանխարգելմանն ուղղված ծրագրերը
Տեսողության համաշխարհային օրվա առթիվ Orange հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այսօր ներկայացրել են Հայաստանի ակնաբուժության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Այս մասին հայտնում է Orange հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Orange հիմնադրամի և ՀԱՆ-ի համագործակծությունը մեկնարկել է 2011թ-ին «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի մարզերի բնակիչներին՝ Աչքի շարժական հիվանդանոցի միջոցով: 2011թ.-ից ի վեր նշված ծրագրի շրջանակներում ավելի քան 66000 մարդ (54000 մեծահասակ և 12000 երեխա) անցել է աչքի հետազոտություններ, իրականացվել է 5044 վիրահատություն ու լազերային բուժում, և տրամադրվել է 23631 ակնոց: Այս տարի նշված ծրագրի շրջանակներում Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն արդեն անցել են անվճար աչքի զննումներ և ստացել բուժում Աչքի շարժական հիվանդանոցում: Այսօր Աչքի շարժական հիվանդանոցը մեկնարկում է իր գործունեությունը Արմավիրի մարզում:
Orange հիմնադրամի գործունեությունն այժմ համալրվել է նաև երեխաների կուրության դեմ պայքարին ուղղված ծրագրերով: Այդպիսի նախագծերից էր «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի համատեղ իրականացված «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որի շրջանակներում Գեղարքունիքի 6200 երեխաներ անցել են աչքի զննում, որից 240-ը՝ ստացել անհատականացված ակնոցներ: Այս ոլորտում այժմ Orange Հիմնադրամը ՀԱՆ-ի հետ համատեղ իրականացնում է «Ուղարկիր սելֆի և օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ » առցանց արշավը, որի շրջանակներում Արմավիրի մարզի ավելի քան 667 երեխա կստանա ակնոց:
«Հայաստանում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց քանակն այսօր, ցավոք, բավականին մեծ է: Սակայն, այդ խնդիրների մի մասը հնարավոր է բուժել և կանխարգելել, դրանք ժամանակին ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու դեպքում: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին և, ընդհանրապես, նման խնդիրներ ունեցող մարդկանց օգնելն Orange Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից է: Իր գործունեության 3 տարիների ընթացքում Orange Հիմնադրամն իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելուն, որակյալ ակնաբուժական ծառայությունների հասանելիության ընդլայնմանն ու կուրության կանխարգելմանը՝ հատկապես մարզերում: Այս ոլորտում ավելի քան 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքը համալրել ենք այս նոր առցանց արշավի միջոցով, որը մեր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում համախմբվել և իրենց ներդրումն ունենալ կուրության կանխարգելման այս շատ կարևոր գործում», - ասել է Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Ուղարկիր սելֆի և օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավը նպատակ ունի հայտնաբերել երեխաների տեսողության խնդիրներն ու կանխարգելել կուրությունը՝ աչքի հետազոտությունների իրականացման և ակնոցների տրամադրման միջոցով: Ծրագրի շրջանակներում՝ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ Orange-ի ֆեյսբուքյան էջին ուղարկված յուրաքանչյուր ինքնանկարի դիմաց անվճար մեկ ակնոց կտրամադրվի Արմավիրի մարզի՝ տեսողության խնդիրներ ունեցող մեկ երեխայի: Արշավի մեկնարկից ի վեր՝ արդեն 667 մարդ մասնակցել է այս նախաձեռնությանը՝ ուղարկելով իրենց ինքնանկարը: Աչքի հետազոտություններն ու ակնոցների պատրաստումը կիրականացվեն ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերի կողմից:
«Այսօր Տեսողության համաշխարհային օրն է, որը նշվում է բազմաթիվ երկրներում: Մենք ուրախ ենք, որ ՀԱՆ, իր գործընկերների հետ միասին, արդեն ավելի քան տասը տարի իրականացնում է հատուկ միջոցառումներ, և բարձրաձայնում է ակնային հիվանդություններ ունեցող մարդկանց խնդիրները։ Հայաստանը նույնպես «Գլոբալ գործողությունների ծրագրի» մաս է կազմում, որի նպատակն է մինչև 2019թ. նվազեցնել կանխարգելելի կուրությունը 25%-ով։ Շատ գործեր են արվել, սակայն անելիքները նույպես շատ են, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման գործընկերներ, և հուսով ենք շարունակել մեր համագործակցությունը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում։ Մենք շատ գոհ ենք «Մեկ selfie = մեկ ակնոց» ծրագրի արդյունքներից և կարծում ենք, որ ոչ միայն Արմավիր մարզի այլև մյուս մարզերի երեխաները նույնպես կշահեն այս նախաձեռնությունից», - ասել է Հայկական Ակնաբուժության Նախագծի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։
Ակնաբուժության ոլորտում Orange հիմնադրամի իրականացրած ծրագրերից է նաև տեսողական խնդիրներ ունեցող երեխաների՝ թիվ 14 հատուկ դպրոցում բրայլյան տպիչներով հագեցած սրահի ստեղծումը: Նշված դպրոցում հիմնադրամն մինչ այդ արդեն բացել էր համապատասխան աուդիո ծրագրերով համալրված համակարգչային դասարան: «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաները 2014թ-ի սկզբին նույնպես ստացել են Orange հիմնադրամի աջակցությունը: Այստեղ Հիմնադրամը բացել է հատուկ սարքավորումներով և ուսումնական նյութերով հագեցած տիֆլո-կենտրոն՝ նպատակ ունենալով հեշտացնել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթական գործընթացը:
Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական կազմակերպությունն առաքելություն ունի կանխարգելել Հայաստանում ձեռքբերովի կուրությունը և Հայաստանի ամբողջ բնակչության համար ակնաբուժական ծառայությունները դարձնել հասանելի: Իր գործունեության ընթացքում ՀԱՆ-ն իրականացրել է մի շարք նախագծեր, որոնցից են՝ 2003թ.-ին նախաձեռնած «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը 2011թ.-ից իրականացվում է Օrange հիմնադրամի հետ համատեղ, USAID-ի համագործակցությամբ իրականացվող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը, որն նպատակ ունի մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել մանկական կուրությունը, Orange հիմնադրամի հետ համատեղ ընտանեկան բժիշկների և առաջնային օղակի բուժաշխատողների համար ստեղծված ուսումնական առցանց գործիքի ստեղծումը, Հայաստանի մարզերում ակնային կլինիկաների հիմնադրման և շատ այլ ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում