Ռուբեն Վարդանյան. Հայաստանյան բանկերի համախմբումն անխուսափելի է
ՌԴ-ում կիրառվող պատժամիջոցները, ռուսական ռուբլու տատանումները չեն կարող չազդել հայաստանյան բանկային համակարգի, շուկայում գների փոփոխությունների վրա: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամերիաբանկի խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն ազդում Հայաստանի բանկային համակարգի, շուկայում գների փոփոխությունների վրա:
«Բայց և այնպես, մենք ուղղակի կախվածություն չունենք, մենք հնարավորություն ունենք գումար ստանալ ոչ միայն ռուսական, այլ նաև միջազգային ֆինանսական ինտիտուտներից»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկա իրավիճակում Հայաստանը լավ հնարավորություն ունի ճիշտ դրամավարկային քաղաքականության պայմաններում գները պահպանել նույն մակարդակի վրա:
Նա նաև ասաց, որ հայկական բանկերի համախմբումն անխուսափելի է. «21 բանկը Հայաստանի համար բավականին շատ է: Որպեսզի բանկերը կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը և համապատասխանեն միջազգային չափանիշներին, պետք է խոշորանան: Դա անհրաժեշտ է նաև նոր ներդրողների ներգրավման համար»: