Ղազախստանի Սենատը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը այսօր կայացած նիստի ընթացքում ընդունել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Փաստաթուղթը գործնականում ընդունվել է միաձայն: 44 սենատորներից օրենքի նախագծի օգտին քվեարկել է 43 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Վավերացումից հետո այն ներկայացվել է Ղազախստանի նախագահի ստորագրմանը:
«Եվրասիական տնտեսական միությունը կարևոր նախագիծ է, որը նախատեսում է երեք խոշոր պետությունների համագործակցություն, նոր աշխատատեղերի ստեղծում, ինտեգրման խորացում և աջակցություն ներդրումների ներգրավվմանը: Ամենակարևորը` նախագծի իրականացումը նպաստելու է մեր քաղաքացիների բարեկեցության աճին»,- հայտարարել է Ղազախստանի Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Պաշտոնյայի խոսքով` ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցությունը զգալի հնարավորություններ է բացելու տնտեսական զարգացման համար, էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առկա ներուժի իրացման համար:
Վերջինս նաև նշել է, որ ԵՏՄ-ի շրջանակներում 2025 թ-ին արդեն նախատեսվում է ունենալ նավթի և նավթամթերքների միասնական շուկա, միասնական հասանելիություն գազատրանսպորտային` առաջին հերթին ռուսական ենթակառուցվածքներին: