Ուրիշ էլ ի՞նչ ունի քննարկելու եռյակը
Եռյակն այսօր հերթական նիստն է գումարել, այս անգամ «Ժառանգություն» խմբակցությունում: Այն, որ եռյակը ներկայացնող երեք քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանափոխություն չեն պահանջելու վաղվա հանրահավաքում արդեն ակնհայտ է, այնպես որ այս հարցը նիստի օրակարգից ուղղակի դուրս մնաց:
Դժվար է հասկանալ քաղաքական այս ուժերի մոտիվացիան` մինչև վերջին օրը հանրությանը չտեղեկացնել այն մասին, որ առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին լինելու է. ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանի մասնակցության մասին արդեն հայտարարվել է:
Ի վերջո, տրամաբանական էր հենց դրա վրա հենվելը և դրա հաշվին Ազատության հրապարակը մարդկանցով լցնելը, քանի որ այլ ասելիք խորհրդարանական ընդդիմություն-այլընտրանքը պարզապես չունի: Սակայն դրա փոխարեն հայտարարվում էր, որ առաջնորդները կմասնակցեն, բայց կոնկրետ ո՞ր հանրահավաքին` անհայտ է: Ինչն էլ իր հերթին հարցեր առաջ քաշեց, քանի որ այլ հանրահավաքների մասին դեռևս հստակ չի հայտարարվել:
Ստացվում է, որ իրավիճակը փրկելու համար, քանի որ ժողովրդի պահանջած իշխանափոխությունը իրենք դաշտ չեն նետելու, եռյակը ստիպված է նման մանևրների գնալ ու փորձել որքան հնարավոր է երկար պահել իր շուրջը դժգոհ քաղաքացիներին: Իսկ դա անչափ կարևոր է, քանի որ եթե ընդդիմադիր ուժերը այսօր կրախի առաջ են կանգնում` իրենց իսկ անհեռատես քայլերի հետևանքով (այդ ո՞վ չգիտեր, որ երեք ուժերից գոնե մեկը հաստատ իշխանափոխություն չի պահանջելու), ապա դա կրճատում է իրենց շանսերը 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ լավ արդյունքներ արձանագրելու առումով:
Հիշենք` եռյակի հիմնական նպատակը և այդ մասին հայտարարվեց նաև նախօրեին Գյումրիում, գործող իշխանությունների վերարտադրմանը խանգարելն է, Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը խոչընդոտելն է, բայց ինչպե՞ս դա անել, եթե այսօր արդեն ժողովրդի վստահությունը կամաց-կամաց մարում է:
Իսկ ուրիշ էլ ի՞նչ ունի եռյակը քննարկելու ու հանրությանը ներկայացնելու պարզ կլինի շատ շուտով. Թեև առանց այդ էլ ամեն բան ավելի քան պարզ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները