Ծիծեռնակաբերդում կատարվել է հոգեհանգստյան արարողություն
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ծաղկեպսակների զետեղումից հետո հուշահամալիրում` անմար կրակի մոտ, նախագահությամբ Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար:
Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը ծանոթացան նաև Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությանը: