Ո՞րն է պատճառը. Հոկտեմբերի 9-ին «Հանրապետական» ծննդատանը մայրական մահացության դեպք է արձանագրվել
Հոկտեմբերի 9-ին Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում մահացել է 26-ամյա մի կին, ով սեպտեմբերի 21-ին նույն ծննդատանը կեսարյան հատումով առաջնեկին էր ունեցել: Մահացածի հարազատները հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին` կատարվածի մեջ մեղադրելով բժիշկներին: Panorama.am-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պատմեց այս ողբերգական դեպքի մասին:
«Կինը կեսարյան հատումով երեխա ունենալուց հետո առողջ և բարվոք վիճակում դուրս է գրվել սեպտեմբերի 24-ին: Սակայն երեք օր անց` սեպտեմբերի 27-ին իրեն վատ է զգացել, ջերմություն է ունեցել, աղիների հետ կապված խնդիրներ: Ախտորոշվեց, որ հնարավոր է հետծննդյան խնդիրներ են, նշանակվեց բուժում, որի վրա կնոջ վիճակը լավացավ` ջերմությունն իջավ, աղիների խնդիրը կարգավորվեց և նույնիսկ նախապատրաստում էինք դուրս գրել»,- տեղեկացրեց Ռ. Աբրահամյանը:
Այս ողջ ընթացքում հիվանդանոցում դստեր կողքին եղել է մայրը, խնամել նրան ամբողջ ընթացքում: Սակայն հոկտեմբերի 9-ին սանհանգույցից վերադառնալուց հետո երիտասարդ կինը պառկում է, մայրը դուրս է գալիս միջանցք, իսկ մի քանի րոպե անց վերադառնալուց հետո տեսնում, որ դուստրը անգիտակից վիճակում պառկած է անկողնում:
«Կատարվում են բոլոր անհրաժեշտ միջամտություններն ու գործողությունները, քանի որ ինտենսիվ թերափիայի բժշկի սենյակը հիվանդասենյակի հարևանությամբ է տեղակայված: Այսինքն րոպեներ անգամ չենք կորցրել, դա փաստ է և մայրը այդ ընթացքում եղել է այդտեղ: Կանչել ենք նաև կարդիոլոգիական բրիգադ, ամեն ինչ կատարվեց, բայց հնարավոր չեղավ վերականգնել կնոջ սրտի աշխատանքը»,- պատմեց Ռ.Աբրահամյանը:
Նշեց, որ ինքն անձամբ է հրավիրել դատաքննչական մարմինների ներկայացուցիչներին ու հանձնել անհրաժեշտ տեղեկատվությունն ու նյութերը նրանց, քանի որ հարազատները մտածում էին, ինչը բնական է, որ այստեղ կա բժշկական սխալ կամ բաղթողում:
«Որքան տեղյակ եմ, նախնական դիահերձում կատարվել է, բայց տվյալները դեռ չեն հրապարակվում, քանի որ անհրաժեշտ է մեկ այլ հետազոտություն ևս, որպեսզի պարզվի, թե ի՞նչն էր հանկարծակի մահվան պատճառը»,- նշեց մեր զրուցակիցը:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենը նշեց, որ մայրական մահը միշտ մեծ ողբերգություն է, առավել ևս, որ Հայաստանն այս իմաստով ամենալավ ցուցանիշներն ունի ԱՊՀ երկրների թվում և մայրական մահացության ցածր մակարդակի շնորհիվ մոտ է եվրոպական ցուցանիշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները