Ինչո՞ւ է «Ժառանգությունը» շարունակում մնալ եռյակում
«Քառյակում «առաջին կռուգ» հասկացողություն կա և դա չափազանց տեսանելի է եղել միշտ»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք իր համար տարօրինակ չէր երեկվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը, որին ստվերել էին ՀՀ առաջին նախագահն ու ԲՀԿ առաջնորդը արձագանքեց քաղաքական փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:
Իր ասածը հիմնավորելու համար նա հիշեցրեց, որ գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը երկուսով հանդիպեցին և կարծիք հայտնեց, որ հենց երկուսով էլ որոշել են և հանրահավաքի անցկացման օրը, և հանրահավաք հրավիրելու հանգամանքը:
«Իսկ մյուսներին ուղղակի տեղյակ պահեցին: Հետևաբար, այս առումով ես չեմ կարծում, որ «Ժառանգությունը» լիիրավ անդամ է կամ «Ժառանգությունը» որևէ բան որոշում է այդ ֆորմատի օրակարգում»,- նկատեց նա ու ավելացրեց` իսկ թե ինչու է «Ժառանգությունը» շարունակում մնալ քառյակ-եռյակում պետք է պատասխանեն հենց կուսակցության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, «Ժառանգությունից» շատերը չեն ընդունում այդ ձևաչափը և բազմիցս այդ մասին հայտարարվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստ են իշխանության առաջարկություններին, ապա Ս.Սաֆարյանի համոզմամբ, այն թերևս նպատակ ուներ սահուն վեր կանգնել քառյակի ներկայացրած 12 կետերից, որոնք քառյակին տարան փակուղի, քանի որ հասկանալի պատճառներով քառյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը:
«Հենց դրա համար էլ հայտարարվեց, որ այլևս որևէ նամակ չեն գրելու, վերջնագիր, որևէ պահանջ չեն ներկայացնելու»,-ասաց նա: