«ԵՏՄ-ին անդամակցելով` 180 աստիճանով փոխվում է Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը»
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից լուրջ ակնկալիքներ չունեմ: Դրական ակնկալիքները կապված են, թե ինչ ներքին բարեփոխումներ կլինեն: Բայց, համոզված եմ, որ դրանք էլ չեն լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան այնպիսի տնտեսական միջավայր ստեղծել, որպեսզի տնտեսությունը կարողանար ԱՊՀ անդամ երկրների, առանձին նաև ՌԴ-ի կամ այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում իր զարգանար
Տնտեսագետի խոսքով, ստեղծված համակարգն առաջադիմական չէ, իր մեջ ավելի շատ խնդիրներ է պարունակում, քան լուծված հարցեր՝ սկսած ՌԴ-ի այսօրվա տնտեսական վիճակից ու Բելառուսի և Ղազախստանի տնտեսությունների ոչ մրցակցային վիճակից:
«Այսինքն, եվրոպական երկրներ չեն, որտեղ խաղի այլ կանոններ են: Այնպես որ, այդ առումով լուրջ ակնկալիքներ չունեմ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետը բացառեց ՀՆԱ-ի աճ ու գների իջեցում. «Կան հաշվարկներ, որ ՀՆԱ-ի աճ գրեթե չի լինելու: Հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօրվա վիճակը, որտեղ առաջիկա երկու տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ չեն լինի, ավելի վատթար վիճակում կհայտնվենք, տեղի կունենա գների բարձրացում»:
Վ. Խաչատրյանն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելով, 180 աստիճանով փոխվում է Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը:
«Մինչ այս մենք վարում էինք ազատ, բաց դռների քաղաքականություն, իսկ այժմ՝ փակ դռների, հովանավորչական քաղաքականություն: ԵՏՄ անդամ երկրներն իրենց շուկան փակում են այն պատրվակով, որ զարգացնեն տեղական արտադրությունը, հնարվորություն ունենան իրենց տնտեսության մեջ ռեսուրսներն ավելի լավ օգտագործել: Այս ամենը լուրջ չեմ ընդունում: Ազատ շուկայական հարաբերությունները, բաց սահմաններն են հնարավորություն տալիս տնտեսության զարգացմանը, ոչ թե հովանավորչական քաղաքականությունը: Մինչ այս պահը Հայաստանը գոնե սահմանների առումով մաքսային քաղաքականություն վարում էր բաց, ոչ հովանավորչական: Մենք կարող էինք սահմանել մաքսիմում 10 տոկոս մաքսադրույք ներմուծվող ապրանքների վրա: Բայց հիմա լրիվ փոխվում է, առանձին ապրանքատեսակների գծով՝ սնունդ, արդյունաբերական արտադրանք, մինչև 30-50 տոկոս գների աճ կլինի»,- նշեց նա:
Խոսելով դրական հետևանքների մասին, Վ. Խաչատրյանն առանձնացրեց միայն էներգակիրները. հնարավորություն է տրվում 30 տոկոսով ավելի էժան գազ ու նավթ ձեռք բերել: «Այսօրվա վիճակում միանշանակ այդպես պետք է լիներ, քանի որ մենք այլընտրանք այդպես էլ չստեղծեցինք, չօգտվեցինք խոշորագույն պաշարներ ունեցող Իրանի հնարավորությունից: Երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետևանքով հայտնվել ենք փակուղում»: