Այդպես էլ չեմ հասկանում, թե մասսային ինչ են ուզում ասել. Վ. Բաղդասարյան
«Ես այդպես էլ չհասկացա իրենց մարզային հավաքներից, հանդիպումներից, թե իրենց վերջնական ասելիքը որն է: Ես նոր մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց այս անգամ այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե մասսային ինչ են ուզում ասել իրենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում կայացած երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքից ստացած իր տպավորություններին:
Պատգամավորի խոսքով, իր համար հասկանալի է, օրինակ, եթե այս ամենը զուտ տեսնելու համար էր, թե ինչքան մարդ կկարողանան հավաքել կամ որ այս ամենը նախապատրաստական աշխատանքներ են 2017-18 թթ-ի համապետական ընտրություններին: Բայց ինչ վերաբերում է հնչող հայտարարություններին միասնական կարծիքի ու մոտեցումների մասին, առհասարակ` երեք-չորս քաղաքական ուժերի միասնականության մասին, ապա այս իմաստով Վ. Բաղդասարյանը լուրջ վերապահում ունի:
«Չկա նման բան, որովհետև չկան դրա հիմքերը, ինչ իրենք ուզում են, այդ պատճառով էլ չկա միասնական ծրագիր, միասնականություն: Հակառակը` կան տարաձայնություններ... և հետո այդ ուժերը չեն կարող միասին լինել ու իրենք էլ այդ մասին լավ գիտեն, քանի որ գաղափարական հակասություններ ունեն: Քառյակ, եռյակ, հետագայում էլ չգիտեմ ինչ. չի ստացվի»,- նշեց նա` ավելացնելով, որ շատ կարճ ժամանակ հետո նրանց ասելիքը սպառվելու է, ինչպես արդեն այսօր է սպառվել:
Ինչ վերաբերում է նրան, որ մինչև այսօր քառյակի ուժերը իշխանությունների հետ վերջնագրերի ու պահանջների լեզվով էին խոսում, իսկ երեկ հնչեց, որ իրենք սպասելու են իշխանությունների առաջարկություններին, Վ. Բաղդասարյանն ասաց, որ այդպես էլ չի կարողանում նրանց հասկանալ:
«Կտրուկ խոսում էին` վերջ, այլևս վերջ, հոկտեմբերի 10-ը սահմանագիծն է, կամ սեպտեմբերի 30-նն էր սահմանագիծը… իսկ երեկ լսում ենք, որ ՀՀ առաջին նախագահը մի կողմից ասում է, որ սպասում են առաջարկությունների, հետո էլ, որ հաջորդ հանրահավաքին ներկայացնելու է իշխանափոխության ծրագիրը: Հիմա իրենք առաջարկություններ են ուզում, թե՞ իշխանափոխության ծրագիր են ներկայացնում»,- մեջբերեց ՀՀԿ-ական պատգամավորը ու հորդորեց ընդդիմադիրներին առաջին հերթին կողմնորոշվել, թե ինչ են ուզում ու «նոր մարդկանց գլուխը տանել»:
Ի վերջո, շարունակեց նա, իշխանությունները առաջարկությունների մասով միշտ էլ բաց են եղել, միշտ էլ ասել են, որ պատրաստ են նստել ու քննարկել, որովհետև խնդիր կա և իրենք երբևէ չեն ասել, թե խնդիր չկա: Բայց հենց սկսում են քննարկումները, ըստ Վ. Բաղդասարյանի, ու տեսնում, որ որոշակի արդյունք կա այդ ուժերը թողնում գնում են, որովհետև մտածում են, որ եթե արդյունք լինի, ապա ի՞նչ պետք է խոսեն իրենք: Եվ հետո նաև մեկ այլ խնդիր կա` ուզում են դառնան իշխանություն առանց որևէ բանի, բայց այդպես չի լինում:
«Երբ եկավ պահը, թե ով պետք է լինի ղեկավարը, այդտեղ մի մեծ աղմուկ է բարձրանալու, քանի որ նրանց մեջ չկա միասնականություն, չկա որոշում: Ու հենց դա է, որ ժողովրդին ասելիք չունեն, ինչը երեկ հստակ տեսանք բոլորս»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում