Արա Աբրահամյանը Լևոն Հայրապետյանի հետ կապված գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում
«Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը ժամանակավոր է: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, կամաց-կամաց կպարզաբանվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով, քննչական մարմինները կպարզեն, որ այս գործում սխալներ կան:
«Ես այս հարցով վարչապետին էլ եմ դիմել: Իմ կարծիքով, Լևոն Հայրապետյանն ընդհանրապես մեղք չունի, նա պետք է ազատության մեջ լինի»,- նշեց Ա. Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հայազգի գործարարի հետ կապված գործը քաղաքական ենթատեքստ ունենա, նա նշեց, որ չի կարծում:
Հիշեցնենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը ավելի վաղ բավարարել էր Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել ընդունել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, որը ներկայացվել էր նախաքննական մարմնի կողմից և նրա նկատմամբ նշանակել տնային կալանք: Այսժմ նրա ձեռքին էլեկտրոնային ձեռնաշղթա են ամրացված՝ նրա տեղաշարժը վերահսկելու համար:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի գործին, Ա. Աբրահամյանն ասաց, որ իրենք այս գործում էլ մեծ աջակցություն են ցուցաբերել, նույնիսկ կարողացել են այնպես անել, որ Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցրած քննիչին հանեն այս գործից, փոխել են տվել դատարանի կայացրած սկզբանական որոշումը: Նա նշեց, որ պետք է որոշ ժամանակ անցի Հրաչյա Հարությունյանին հանգիստ Հայաստան տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրոիցկյան դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները