Երևանում անցկացվեց հայ-գերմանական գործարար համաժողով
Հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով այսօր Երևանում անցկացվեց Հայաստան-Գերմանիա գործարար համաժողովը: Այն կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, նման համաժողովները տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն:
«Գերմանիայի հետ մեր քաղաքական հարաբերությունները ավելի խորն են, քան տնտեսականը, ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խորացնենք հայ-գերմանական տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչության պետը:
Անդրադառնալով առևտրաշրջանառության ծավալներին` Վ. Լալայանը նշեց, որ 2014թ. հունվար–օգոստոս ամիսների դրությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 300 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ գրանցելով 28.8 % աճ: Ընդ որում` Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալը նույն ժամանակաշրջանում կազմել է 106,5 մլն դոլար, իսկ Գերմանիայից Հայաստան ներմուծումը` 188 մլն դոլար:
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանից Գերմանիա է արտահանվել հիմնականում պղինձ չզտված, մոլիբդեն և ապրանքներ մոլիբդենից, ներառյալ մնացորդները և ջարդոնը, կոստյում, անդրավարտիք, բաճկոն և այլն: Նույն ժամանակաշրջանի ընթացքում Գերմանիայից Հայաստան է ներկրվել հիմնականում ավտոմեքենա մարդատար (58342.9 հազար ԱՄՆ դոլար), դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից (7107 հազար ԱՄՆ դոլար), լարան արհեստական թելից, ավտոմեքենա բեռնատար և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները