EITI կոալիցիան քննարկելու է Ադրբեջանի անդամակցության դադերացման հարցը
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն` հասարակական կազմակերպությունների և անկախ խմբերի գործունեությունը սահմանափակող ադրբեջանական նոր օրենսդրությունը լուրջ խնդիրներ է առաջացրել EITI միջազգային կոալիցիային նրա անդակամցության հարցում:
EITI (The Extractive Industries Transparency Initiative)-ը միջազգային կոալիցիա է, որի անդամներ են հանդիսանում բնական ռեսուրսներ` առավելապես նավթ և գազ արտահանող երկրների կառավարությունները, արտահանմամբ զբաղվող ընկերությունները և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները: Կոալիցիայի առաքելությունն է ապահովել այդ բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների կառավարման թափանցիկությունը:
HRW-ի տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 14-ին և 15-ին Բիրմայում կայանալիք կոալիցիայի անդամների հանդիպման ժամանակ քննարկվելու է Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը` ի պատասխան այն զանգվածային սահմանափակումների, որոնք Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնել է երկրում հասարակական կազմակերպությունների և անկախ խմբերի գործունեությանը խոչընդոտելու համար:
«Անկախ հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու ադրբեջանական կառավարության վերջին քայլերը վկայում են այն մասին, որ այս երկիրը ոչ մի կապ չունի մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հետ»,- նշել է HRW-ի մարդու իրավունքների և բիզնեսի հարցերով փորձագետ Լիզա Միսոլը:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական փաթեթը մերժում է գրանցել EITI կոալիցիայի անդամ հանդիսացող կազմակերպությունների օտարերկյա ֆինանսավորումը, որոնք զբաղվում են երկրի բնական ռեսուսրների արդյունահանումից ստացվող եկամուտների կառավարման թափանցիկությունը ապահովելու հարցերով:
HRW-ն կոչ է անում միջազգային կոալիցիայի ղեկավարությանը` ճնշումներ գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ` դադարեցնելու անկախ խմբերի նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական նպատակներով հարուցվող խոչընդոտները, ձերբակալությունները` շեշտելով, որ հակառակ դեպքում իսկույն պետք է քննարկման դնել կոալիցիային Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը: