Քաղաքագետ. Հոկտեմբերի 10-ին ակնհայտ ուրվագծվեց Գագիկ Ծառուկյանի առաջնորդության հայտը
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` ընդդիմությունը ոչ թե միասնական օրակարգ, այլ առհասարակ ոչ մի տեսակի օրակարգ չունի: Քաղաքագետը ներկայացրեց նաև այն գործոնները, որոնք բերել են իրեն այդ եզրահանգման:
«Նախ, հոկտեմբերի 10-ին ընդդիմությունը ոչ մի բառ չասաց արտաքին քաղաքականության դաշտում կատարված իրադարձության մասին, երկրորդ` «Սերժ հեռացիր»-ը ամենևին էլ նորություն չէ ու այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ եթե Սերժ անունը փոխարինենք Ռոբերտով կամ Լևոնով, ապա այդ օրակարգը գոյություն ունի արդեն ավելի քան քսան տարի: Եվ առավել ևս հասկանալի է, որ ոչ ոք ոչ մի տեղ չի գնա, ոչ մի հրաժարական էլ չի տա և այս ամենը ուղղակի մի միջոց է հարթակի վրա կանգնելու համար»,- ասուլիսում թվարկեց Ա.Իսկանդարյանը:
Բանախոսի համար նաև հստակ է, որ եռյակի երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ոչ միայն գաղափարապես չեն կարող համախմբվել, այլև տեխնիկապես, և այն օրակարգերը, որոնք հնչեցվում էին հարթակում այնքան տարբեր էին, որ դա ակնհայտ երևաց. «Եվ վերջապես` մարդկանց ոչ մի կոնկրետ բան չասվեց»:
Նա հավելեց, որ մնացած հարցերը, թե քանի հանրահավաք կլինի, ամիսը մեկ թե այլ հաճախականությամբ, և այլն այս ամենը ավելի շատ հռետորական հարցերի ժանրին է պատկանում:
Մեկ բան, սակայն, քաղաքագետի համար հստակ է` այս ալիքում ակնհայտ ուրվագծվեց Գագիկ Ծառուկյանի առաջնորդության հայտը: Նա նշեց, որ ներկա է եղել Ազատության հրապարակում այդ օրը, շրջել մարդկանց մեջ և կարող է ասել, որ հավաքվածների մեծամասնությունը բերվել էին ԲՀԿ-ի կողմից:
Այնպես որ, հավելեց նա, հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար` հանրահավաք, որը սպասելի էր գարնանային խառնիճաղանջ զարգացումներից: Հանրահավաքը տվեց միայն այն, ինչ ինքը թվարկեց, շեշտեց Ա.Իսկանդարյանը, և մեկ հստակություն բերեց` Դաշնակցությունը հեռացավ այդ ֆորմատից նաև ֆորմալ առումով. «Ինչ-որ բան տեղի ունեցավ, բայց լուրջ փոփոխություն լինել իրականում չէր կարող»:
Հարակից հրապարակում`
ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրման մասին բացի մամուլից որևէ տեղ գրված չի եղել. Ա. Իսկանդարյան