Ի՞նչ է անում և ինչ է անելու «Ժառանգությունը» եռյակում
Մամուլը շարունակում է անդրադառնալ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքին: Այսօր էլ հրապարակում կար, թե` ««Ժառանգություն»-ում երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը «եռյակի» հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ: Թե ինչ է իրականում տեղի ունեցել` Panorama.am-ը զրուցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ են լուրերը, որ «Ժառանգություն»-ում կրքերը թեժացել են և պահանջ է հասունացել լքել ձևաչափը:
-Նման խնդիր չկա: «Ժառանգություն»-ում քննարկումներ շուտ-շուտ լինում են, դրանք բաց են, բավականին ակտիվ և ամենքը կարողանում է իր կարծիքը հայտնել, բայց նմանատիպ խնդիր չկա:
-Այսինքն` շարունակում եք մնալ եռյակում լիիրավ կողմի կարգավիճակում:
-Այո-այո:
-Պարզապես վերջին հանրահավաքից հետո շատ հարցականներ առաջ քաշվեցին հենց «Ժառանգության» վերաբերյալ…
-Տարբեր կարծիքներ կարող են լինել և դա նորմալ է: Այդ թվում և կլինեն իրականությունից կտրված մեկնաբանություններ, բայց ցանկացած պարագայում մենք մեր գործն ենք անում:
-Պարոն Մարտիրոսյան, Ձեզ համար տեսանելի է, որ Գագիկ Ծառուկյանը կարծես նախագահական քարոզարշավի մեկնարկն է ազդարարել:
-ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է Սահմանադրության պահանջներին իրավունք ունի լինել նախագահի թեկնածու և ժողովրդավարության չափանիշների համաձայն` եթե ունի ժողովրդի քվեն, ապա կարող է դառնալ նախագահ:
-Իսկ շարունակելով մնալ նրա հետ մեկ ձևաչափի շրջանակում կարելի է հասկանալ արդյոք, որ «Ժառանգությունը» պատրաստ է նրան սատարել 2018թ-ին:
-Ես կարծում եմ, որ Հայաստանի համար այլևս այնքան էլ էական չի լինի, թե 2018թ-ին ով կլինի թեկնածու, որովհետև այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի հետո պատկերացրեք, թե ինչպես ենք ապրելու:
-Բայց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում բացի Ձեզնից և Ռուբեն Հակոբյանից ուրիշ ոչ ոք իշխանափոխության անհրաժեշտության մասին չխոսեց:
-Կարծում եմ ակնհայտ էր այդ թեման և բոլորը կարծես դրա շուրջ էին խոսում… էականը մենք ոչ թե ինչ ենք խոսում, այլ էականը այն է, թե ինչ է ժողովուրդն ուզում…
-Բայց դուք տեսաք ինչ է ժողովուրդը ուզում, մարզային հանրահավաքների ժամանակ դա հստակ ուրվագծվեց, մինչդեռ որևէ մեկը այդ մասին չխոսեց:
-Վերջ, կարևորը դա է, թե ժողովուրդն ինչ է ուզում:
-Պարոն Մարտիրոսյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք նոր քաղաքական օրակարգ են ձևավորում, որի հիմքում կոնկրետ գործողություններն են լինելու: Կարո՞ղ է այն եռյակ-քառյակին մրցակից դառնա՞լ:
-Տեղյակ չեմ այդ մասին:
Հարակից հրապարակում`
Բամբասում է «Իրավունք»-ը. Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կլքի Եռյակը