BBC. «Ադրբեջանը հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը»
Բրիտանական հեղինակավոր BBC գործակալությունն անդրադարձել է Ադրբեջանում վերջին շրջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ինչպես նաև այլախոհների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին` այս ամենը դիտարկելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի կողմից նախագահության ստանձնման համատեքստում:
Գործակալության փոխանցմամբ` վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատություններ հնչեցրած անձնանց նկատմամբ բռնաճնշումները էլ ավելի հաճախակի են դարձել: Վկայակոչելով Յունուս ամուսինների և Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը` BBC-ն նշում է, որ վերջիններս համալրել են Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, որը ներառում է 98 անուն` ի դեմս մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, բլոգերների, ընդդիմության ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների:
Գործակալությունը նշում է, որ նրանց դեմ մեղադրանքները տարբեր են` լրտեսություն, թմրանյութերի և զենքի պահպանություն, հարկերից խուսափում և «դա այն դեպքում, երբ մարդու իրավունքների պաշտպան և հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ջատագով Լեյլա Յունուսը նախորդ տարի արժանացել էր ֆրանսիական «Պատվո լեգեոն» հեղինակավոր շքանշանին»:
«Այս անձինք քաղաքացիական հասարակության ականավոր ներկայացուցիչներ էին, որոնք մենք քիչ թե շատ անձեռնմխելի էինք համարում: Սակայն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում ոչ ոք անձեռնմխելի չէ: Այս փուլում ողջ քննադատ քաղաքացիական հասարակությունը արմատախիլ է արվում»,- նշել է HRW-ի Կովկասի հարցերով ավագ հետազոտող Գեորգի Գոգիան:
Շարունակելով` գործակալությունը գրում է, որ իշխանությունների նկատմամբ քննադատություններ անողներին թիրախավորելը սկսվեց 2011 թվականին, երբ «արաբական գարունը պայթեց նաև Բաքվի փողոցներում», սակայն երբ Ադրբեջանը ստանձնեց ԵԽ-ում նախագահությունը լրջագույն հարցեր ի հայտ եկան, թե որքանով այն կկարողանա հարգել 47 պետություններից կազմված այդ կազմակերպության հիմնարար սկզբունքները:
«Ապշեցուցիչ է, որ նախագահողը բռնապետական երկիր է, որն իր նախագահության շրջանը օգտագործեց բառացիորեն ամեն երրորդ օրը ձերբակալելով բոլոր այն քննադատական հայացքներ ունեցող մարդկանց, ովքեր պաշտպանում են Եվրոպայի խորհրդի սկզբունքները»,- «Եվրոպական կայունության նախաձեռնության» ղեկավար Գերալդ Նաուսի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ըստ գործակալության` Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու պատճառը կարող է լինել այն, որ ադրբեջանական նավթը դիտարկվում է որպես էներգետիկ այլընտրանք: Նավթի գործոնը էական է նաև Արևմտյան այլ երկրների դեպքում, որոնց նավթային խոշոր ընկերությունները Ադրբեջանի առևտրային գործընկերներն են: Այս համատեքստում գործակալությունը հիշեցնում է նաև բրիտանական British Petroleum նավթային ընկերության և Ադրբեջանի միջև առկա առևտրային կապերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները