Կատալոնիան չեղյալ է հայտարարել նոյեմբերի 9-ի ժողովրդական հարցումը
Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, թե նոյեմբերի 9-ին նախատեսված ինքնիշխանության վերաբերյալ ժողովրդական հարցումը հնարավոր չէ անցկացնել, հաշվի առնելով Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան հրամանագրի չեղարկումը: Այս մասին, «Իտառ-Տասս» գործակալության հաղորդման համաձայն, հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Արթուր Մասը:
Վերջինս նշել է, նման որոշում է կայացվել Կատալոնիայի անկախությանը կողմ ազգայնական երեք այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ երկարատև խորհրդակցության արդյունքում:
Միաժամանակ, Մասն հայտարարել է, թե դիտարկվում են հարցման անցկացման այլընտրանքային տարբերակներ:
«Երեքշաբթի օրը ես կհայտարարեմ հարցման անցկացման այլընտրանքային տարբերակների մասին», - ասել է Մասը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 29-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկել էր կենտրոնական կառավարության հայցն ընդդեմ Կատալոնիայի կառավարության, որով վիճարկվում էր վերջինիս կողմից ընդունված «Հանրաքվեի բնույթ չկրող ժողովրդական հարցում անցկացնելու մասին» հրամանագիրը: Դատարանի արտահերթ նիստի ժամանակ հրամանագիրը ճանաչվել հակասահմանադրական և դրա գործողությունը կասեցվել էր: