Վանաձորցու հայացք. Հայաստանը գնալով վեր է ածվում մայրաքաղաք պետության…
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-յան էջում արտահայտել է իր մտահոգությունը.
«Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված և ինչքան շատ ենք խոսում ապակենտրոնացման մասին այնքան ավելի շատ է ամեն բան կենտրոնացվում: Էրեբունի-Երևան տոնակատարության կամ Երևանի վրա անընդհատ ծախսվող այլ գումարները տնտեսելով կարելի է ամեն տարի մի քաղաք բարեկարգել:
Օրինակ այս տարի կարելի էր դա սկսել Գյումրի քաղաքի ինչ-որ հատված բարեկարգելով, այնուհետև Վանաձոր և մեր մյուս հյուսիսային և հարավային քաղաքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ Երևանը ավելի շատ փող է հավաքում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է միջամտի և հավասարապես բաշխի երկրի ռեսուրսները, որպեսզի համաչափ տարածքային զարգացում լինի: Սա նույնն է, որ ընտանիքում ամուսինն աշխատի և չաշխատող կնոջ ու երեխաների համար ոչինչ չգնի այլ ամբողջ գումարն իր վրա ծախսի պատճառաբանելով, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում մինչդեռ կինն էլ երեխաներին է խնամում և այլ տնային գործառույթներ իրականացնում: Կարծում եմ, այսպես եթե շարունակվի, մենք կունենանք մի պետություն, որը մայրաքաղաք է` անունն էլ Երևան…»,- գրառել է պատգամավորը:
Հիշեցնենք, նախօրեին «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ էր հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ նշում էր, որ արդյո՞ք հնարարոր չէր լինի Երևանի ծնունդը նշել կլոր տարեթվերին՝ 5 տարին մեկ, իսկ ամեն տարվա քաղաքապետարանի բյուջեից ծախսվող այդ գումարով լուծել անօթևանների, սոցիալապես անապահով ընտանիքների և երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցերը:
Հարակից հրապարակում`
«Մի՞թե ավելի խելացի չենք լինի, եթե Երևանի ծնունդը նշենք կլոր տարեթվերին՝ 5 տարին մեկ»