Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական բողոքի ցույցը՝ այս անգամ իսլամականների մասնակցությամբ (Տեսանյութ)
«Ալիևի կառավարությունը դեռ շարունակում է իր հակաիսլամական քաղաքականությունը»,-այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն հաղորդագրության՝ նախօրեին շիաների «Ղադիր» տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ավարտից հետո մի խումբ իսլամական գործիչներ և Ադրբեջանի Իսլամական կուսակցության բազմաթիվ անդամներ բողոքի հանրահավաք են կազմակերպել թիվ 12 բանտի առջև:
Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ հանրահավաքի մասնակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովի դեմ անարդար վճիռ արձակվելու և երկրում տիրող ճնշող պայմանների կապակցությամբ:
«Մոհսեն Սամադովը բանտում նամազ անելու պատճառով տեղափոխվել է մենախուց: Վերջինս որոշ ժամանակ առաջ առանց որևէ տրամաբանական պատճառի թիվ 11 բանտից տեղափոխվել է թիվ 12 բանտը և պահվում է մենախուցում: Ի նշան բողոքի՝ Իսլամական կուսակցության ղեկավարը հացադուլ է հայտարարել: Բանտի ներքին օրենքները չհարգելու, այդ թվում՝ նամազ անելու և կրոնական արարողություններ կատարելու պատրվակով թիվ 12-րդ բանտի պատասխանատուներն անօրինական կերպով քվեարկեցին Սամադովին մենախուց տեղափոխելու օգտին»,-նշված է իրանական աղբյուրում:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից, այդ պատճառով է, որ ճնշում են իսլամական գործիչներին: Իմ կարծիքով, 12 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովի գործը, բացի իրավական լինելուց, նախ և առաջ քաղաքական է»:
Ըստ իրանական կայքերի՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը երկրում գործող կրոնական գործիչների գործունեությունը սահմանափակելու նպատակով նրանց մի մասին մեղադրում են Իրանի հետ համագործակցության մեջ, և որոնցից շատերը ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում:
Հավելենք, որ հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում տեղի էր ունեցել ևս մեկ հանրահավաք, որի ընթացքում ընդդիմության առաջնորդներն իշխանություններից պահանջել էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, անցկացնել ընտրական բարեփոխումներ և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: