Արաքս Մանսուրյանի և իր սաների նվերը՝ Տիգրան Մանսուրյանին
Երգչուհի Արաքս Մանսուրյանն ու իր չինացի, հույն և ավստրալացի սաները համերգներ են նվիրելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում` այսօր: Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուր սոպրանո Ջեորջիա Կոկկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը երգելու են միայն հայերեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաքս Մանսուրյանը:
«Ցանկացա, որ իմ եղբոր տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Նրանք մրցույթների դափնեկիրներ են: Ինձ համար մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Ա. Մանսուրյանը:
Նա նշեց, որ իր սաները մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը, նույնիսկ Հայաստան գալու համար իրենց տոմսերը գնել են հենց իրենք:
Նա հայտնեց, որ Երևանում կայանալիք համերգը երկու բաժնից է կազմված՝ վոկալ շարք, երկրորդ բաժնում՝ Կոմիտաս: Սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու է եվրոպական արիաներ, նաև Մանսուրյան:
«Ես այստեղի համերգի ընթացքում ելույթ չեմ ունենա: Ծրագիրը հայերեն է, բոլորի հետ նստած տեղից պետք է երգեմ: Ինչպես երգեմ այդքանից հետո: Ստեփանակերտում մեկ երգ կկատարեմ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էին նաև Ա. Մանսուրյանի սաները: Նրանք նշեցին, որ իրենց համար կարևորն այն է, որ իրենք Արաքս Մանսուրյանի հետ են, երկրորդ՝ շփվում են տարբեր մշակույթի, լեզվի հետ:
«Մեզ համար մեծ նվեր է կարողանալ մեկնաբանել հայկական երաժշտությունը»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ Կոմիտասի, Մանսուրյանի երաժշտությունը ցուցադրական չէ, այն արյան կանչ է:
Ջիանգ Հոնգշինը նշեց, որ հայերենը դժվար լեզու է:
«Ամեն անգամ երբ երգում եմ Մանսուրյան, փշաքաղվում եմ»,- ասաց նա:
Նրանք արդեն տեսել են Երևանը, գնալու են Գառնի, Գեղարդ: Ռիանը շատ էր ուզում գնալ Սևան, սակայն ժամանակ չունեն: Ազգային կերակուրները խենթացրել են նրանց:
Նշենք, որ այսօր Արաքս Մանսուրյանը դասավանդում է Սիդնեյում՝ Ավստրալիական երաժշտության ինստիտուտում` օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։
«Քննության ժամանակ իմ սաներն անպայման Կոմիտաս պետք է կատարեն»,- ասաց նա:
Համերգների հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը: Ա. Մասնուրյանն ասաց, որ նաև Սիդնեում են համերգ կազմակերպել, ինչպես նաև Զակոս ընտանիքի, Փոլա և Վազրիկ Հովհաննիսյանի կողմից գումար է նվիրաբերվել Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան